Ճանապարհային ոստիկանությունը 2016թ. հունվարի 18-ից սկսել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերը հայտնաբերելու և վարչական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հաշվի առնելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարների (հատկապես՝ վրաերթերի) զգալի մասի դեպքում դրանց առաջացմանը նպաստում են տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով)։ ՃՈ-ն հորդորում է բոլոր վարորդներին իրենց տրանսպորտային միջոցների առջևի հողմապակու թաղանթն ապամոնտաժել (հեռացնել):
Տեղեկացվում է նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի (30.000 դրամի) չափով: