Այս տարի հունվարի 18-ին սկսվում է Առաջավորաց պահքը, որը տևում է հինգ օր` հունվարի 22-ը ներառյալ: Առաջավորացը առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ կողմից: Հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:
Պահքի վերջին օրը անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության, իսկ հաջորդ օրը` Ս. Սարգսի տոնին, մասնակցել Ս. Պատարագին և հաղորդվել, ապա՝ դուրս գալ պահքից:
Առաջավորաց պահքի խորհուրդի մասին մեր թղթակիցը զրուցել է Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Դավիթ քահանա Սահակյանի հետ:
Տե՛ր հայր, ո՞րն է Առաջավորաց պահքի խորհուրդը:
-Առաջավորաց պահքը մեր եկեղեցում յուրահատուկ պահք է համարվում: Որևէ այլ եկեղեցի չունի այս պահքը: Գրիգոր Լուսավորիչը տարածեց քրիստոնեությունը, դրանից հետո Տրդատ թագավորի գլխավորությամբ հայ ժողովուրդը ապաշխարհության մեկշաբաթյա շրջան անցկացրեց: Սա առաջին պահքն էր՝ Առաջավորացը:
Առաջավորաց պահքը տևում է 5 օր. մյուս պահքերին չի նմանվում: Առաջներում այս պահքը կոչվել է աղուհացի պահք: Այս պահքն աչքի է ընկնում խիստ ծոմապահությամբ: Սովորաբար խորհուրդ է տրվում ուտել պահքի կերակուրներ՝ հրաժարվելով կենդանական ծագում ունեցող կերակուրներից: Մարդը իր ընտրությամբ է գնու մայդ քայլին: Ստիպողաբար ոչ մի բան չկա: Ովքեր ի վիճակի են, կարող են պահք պահել: Պողոս առաքյալն ասում էր, որ պահք պահողը պետք է իր կամքով պահի: Պահք պահողը չպետք է մեղադրի չպահողին և հակառակը: Պահքը լուծվում է, այսինքն՝ պահքից դուրս ենք գալիս շաբաթ օրը: Այդ օրը Սուրբ Սարգսի տոնն է: Հարկավոր է այցելել Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներից մեկը ու այդ օրը դուրս գալ պահքից: Ժողովուդը հաճախ այս պահքն անվանում է Սուրբ Սարգսի պահք: Դա սխալ արտահայտություն է, քանի որ սրբերը մեր եկեղեցում պահեցեղության օրեր չունեն:
-Այս պահքը տևում է 5 օր: Իսկ ինչու՞ հենց 5 օր:
-Դրա խորհուրդները մի քանիսն են: Բայց ամենաէականն այս է. մարդը մեղք է գործում իր հինգ զգայարաններով: Այդ 5 օրը հենց դրա հետ է կապված: Թերևս, ամենակարևոր մեկնությունն այս է:
Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը