Հասարակություն Մամուլի տեսություն 

Հայազգի ո՞ր քրեական հեղինակություններին է բախտ վիճակվել հանդիպել ՀՀ ժամանած Շաքրո Մոլոդոյին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ Հայաստան ժամանեց օրենքով գող Շաքրո Մոլոդոյը` (Զախարիյ Կալաշով), որից հետո հասարակության շրջանում անհանգստության ալիք բարձրացավ, թե Հայաստանում հերթական անգամ գողական «ռազբորկա» է հասունանում: Սակայն քրեական հեղինակության այցը և դրան նախորդած իրադարձությունները զարգացան այնպիսի ուղղությամբ, որ Շաքրո Մոլոդոյի այցը չվերածվեց գողական «ռազբորկայի», այլ ամեն ինչ ավարտվեց «դահուկների շրջանակներում»:

…Նրա ամանորյա «խորհրդավոր» հանգստից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Տեղեկացանք, որ երբ Շաքրո Մոլոդոյը ժամանել է Հայաստան, որոշ քրեական հեղինակություններ փորձել են դիմնավորել նրան օդանավակայանում, սակայն ՀՀ իրավապահները արգելել են նրանց մուտքը օդանավակայան: Այսպիսով, օրենքով գողը անմիջապես ուղևորվել է Ծաղկաձոր: Նա իր ամանորյա հանգիստը անցկացրել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում, որը պատկանում է ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Շաքրո Մոլոդոյը մնացել է Ծաղկաձորի ամենաթանկ հյուրանոցային համալիրի ամենաթանկ համարում, որտեղ երկու անձի համար 1 օրվա արժեքը կազմում է 4 միլիոն դրամ: Ըստ ականատեսների` Շաքրո Մոլոդոյը ամեն առավոտ դահուկ է քշել, իսկ օրվա երկրորդ կեսին նկատել են, թե ինչպես են նրա համար հատուկ հայկական խորոված և այլ հետաքրքիր ուտեստներ պատրաստում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Շաքրո Մոլոդոյին են հանդիպել նաև Հայաստանի որոշ քրեական հեղինակություններ, որոնց վերջինս խորհուրդներ է տվել, թե օրինակ՝ ինչպես ապրել քրեական աշխարհում՝ անխոցելի լինելու համար: Մասնավորապես նա հատուկ շեշտադրում է արել, որ քրեական հեղինակությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ֆինանսական կախում չունենան օլիգարխներից, գործարարներից, որպեսզի հետագայում նաև կարողանան ազդեցության առումով առավել ազատ լինել:

Նույն շարքից