Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբը հյուրընկալել էր «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Սևակ Սարուխանյանին:
Իրանի՝ միջուկային ծրագրին վերաբերող պատժամիջոցների վերացումից հետո, անշուշտ, որոշակի փոփոխություններ են լինելու ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ տարածաշրջանում:
Անդրադառնալով այս թեմային՝ Սևակ Սարուխանյանը նշեց. ‹‹2010 թվականին Իրանի նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվել: Այժմ միջուկային ծրագրի փաթեթը փակված է: Այսինքն՝ վերացվել են այն պատժամիջոցները, որոնք կիրառվել էին հենց միջուկային ծրագրի շրջանակում: Իրանը մասամբ մեկուսացվել էր, բայց, այսուհանդերձ, պետք է նշեմ, որ հիմնական միջազգային գործընթացներում իր դերակատարումն ուներ››:
Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին՝ մասնագետը նշեց. ‹‹Պետք է նշել, որ Հայաստանի ու Իրանի միջև ոչ թե որակապես նոր հարաբերություններ են ձևավորվելու, այլ հարաբերություների մակարդակը վերադառնալու է 2009 թվականի հարաբերությունների մակարդակին: Հայաստանի ու Իրանի ամենամեծ տնտեսական համագործծակցության արգասիքը Իրան-Հայաստան գազամուղի կառուցումն է: Ներկայումս ուրիշ մեծ ու գլոբալ նախագծեր չեմ տեսնում Հայաստանի ու Իրանի միջև: Կուզենայի անդրադառնալ նաև հյուսիս-հարավ մայրուղում: Պետք է ասեմ, որ դա նկատելիորեն կհեշտացնի ապրանքաշրջանառությունն ու բեռնաթփոխառրումները››:
Անդրադառնալով Իրանի տնտեսական վիճակին՝ բանախոսը նշեց, որ Իրանը կվերադառնա միջազգային բանկային ֆինանսական համակարգ:
‹‹Այդ երկրի միջազգային պահուստները գնահատվում են 90 միլիարդ դոլար: Դրանք սառեցվել էին, բայց այժմ արդեն կապասառեցվեն: Այդ 90 միլիարդից մոտ 55 միլիարդը ուղղվելու է Իրանի վարկերի մարմանը: Այնպես որ՝ այդ 90 միլիարդ դոլարն ամբողջությամբ չի մտնելու Իրանի տնտեսություն: Մոտ ապագայում Իրանի տնտեսությունում լուրջ ակտիվություն չի նկատվի, բայց մակրոտնտեսական վիճակը կկայունանա››, -բացատրեց մասնագետը:
Այն հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Իրանը հարևան պետությունների հետ՝ Սևակ Սարուխանյանը պատասխանեց. «Հարավային Կովկասում միակ առաջընթացը, որ Իրանն ունի, Ադրբեջանի հետ հարաբերություններում է: Վերջին 1.5 տարիների ընթացքում իրանաադրբեջանական հարաբերությունները որակական փոփոխություններ են կրել դեպի դրականը, տարաձայնությունները երկու պետությունների միջև բավականին սահմանափակվել են: Իրանաադրբեջանական հարաբերությունները բարելավման այս ճանապարհով կգնան նաև պատժամիջոցների վերացումից հետո՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը գնալով ավելի է հեռանում Արևմուտքից, իսկ դա Իրանի համար բավականին դրական շարժ է»:
Ինչպես հայտնի է, Իրանը աստիճանաբար մերձենում է նաև Սաուդյան Արաբիայի հետ: Այս մասին փաստեց նաև Սևակ Սարուխանյանը. «Թուրք-սաուդական մերձեցումը, իհարկե, ակնհայտ է: Իսկ ինչ վերաբերում է թուրք-սաուդական կոալիցիային, ապա պետք է նշեմ, որ Սաուդյան Արաբիան և Թուրքիան Սիրիայում և Իրաքում պաշտպանում են այն ուժերին, որոնք Իրանի և Իրանի դաշնակիցների թշնամիներն են: Այդ առումով Սաուդյան Արաբիա-Իրան ու Թուրքիա-Իրան կոնֆլիկտը էլ ավելի կխորանա միջուկային համաձայնագրից հետո, որովհետև Իրանն արդեն ավելի ազատ է այդ պետությունների դեմ իր տարածաշրջանային գործողություններն իրականացնելու հարցում»,- եզրափակեց բանախոսը: