Պարզվում է թունավորումները մեր երկրում այդքան էլ քիչ չեն, եթե չասենք, որ բավականին շատ են, տարեկան 800-1000 դեպք է գրանցվում։ Այս մասին այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում խոսեց թունաբան Միքայել Գաբրիելյանը։
2015թ․ եղել է ալկոհոլից թունավորման 900-ից ավելի դեպք։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, այս տարի 64 դեպքի փոխարեն գրանցվել է 58 դեպք։
«Միայն անցյալ տարի գրանցվել է ալկոհոլից թունավորման 370 դեպք, որը կազմում է ամբողջ հիվանդների քանակի 1/3-ը, իսկ 2014թ․ ունեցել ենք՝ 295 դեպք»,-նշեց բանախոսը։
Լրագրողների այն հարցին, թե ալկոհոլից թունավորվելու հիմնական պատճառը որն է, թունաբանը պատասխանեց, որ հիմնական պատճառը խմիչքի չարաշահումն է։
Այն հարցին, թե արդյո՞ք խմիչքների տեսակների խառնելու դեպքում նույնպես կլինեն թունավորման դեպքեր, Մ․ Գաբրիելյանը պատասխանեց․ «Ոչ, խմիչքից թունավորվելը պայմանավորված է հիմնականում չափի խախտման հետ և կապ չունի տեսակների խառնելու, առավել ևս՝ սննդի համատեղելիության հետ։ Հիմնական պատճառը կապված է միայն քանակի հետ: Սակայն խորհուրդ չեմ տալիս խառնել խմիչքները: Իսկ նորման,ինչպես գիտենք բոլորի մոտ կարող է տարբեր լինել և անհատական է՝ կապված մարդու առողջական վիճակի հետ»։
Ամփոփելով հետտոնական դեպքերը՝ նա նշեց, որ մշտապես ամանորի կեսգիշերին թունավորումների թիվն ու դեպքերը կրկնապատկում են։
«Հետաքրքիրն այն է, որ վերջին տարիներին աճել է ալկոհոլից կանանց թունավորման դեպքերը՝ թունավորվածների մոտ 20 տոկոսը կանայք են: Բացի ալկոհոլից լինում են թունավորման դեպքեր նաև դեղորայքից, սնունդից»,- ասաց Գաբրիելյանը։
Սննդային թունավորումներին անդրադառնալիս նա նշեց կոնկրետ սննդատեսակներ՝ դաշտից հավաքած սունկը և տնային պայմաններում պատրաստված պահածոները։
«Վերջերս Հրազդանում տեղի ունեցավ մի դեպք, երբ ընտանիք էր թունավորվել՝ դաշտից հավաքած սունկ ուտելու արդյունքում»,- ասաց բանախոսը և կոչ արեց դաշտից անծանոթ սունկ չուտել,- «Կարող է բացի թունավորումը, նաև մահվան պատճառ հանդիսանալ, ինչպես անցյալ տարի 21 թունավորման դեպքից երկուսը ավարտվեցին մահով, ուստի պետք չի դաշտից սունկ հավաքել ու ուտել»:
Ինչ վերաբերում է դեղորայքային թունավորումներին, Մ․Գաբրիելյանը նշեց, որ վերջին տարիներին այս տեսակի թունավորումներ շատ քիչ են լինում։