Բուռն քննարկումների թեմա է դարձել Արամի 30 հասցեում գտնվող շենքի քանդումը: Պարզվում է, որ ՀՀ կառավարության 25.01.2007 թ. 108-Ն որոշմամբ Արամի փողոց հ. 30 և հարևանությամբ գտնվող մի շարք այլ շինությունների զբաղեցրած հողամասերը ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ տարածքներ:
Այդ տարածքները տրվել են «ԱՎՈ Ֆ. Մ. Հ.» ՍՊ ընկերությունը, որը Աբովյան, Արամի, Պուշկինի և Նալբանդյան փողոցներով պարփակված հատվածում իրականացնում է բնակելի և առևտրահասարակական համալիրի շինարարական աշխատանքներ:
Ըստ Կենտրոն վարչական շրջանի համար հաստատված գոտիավորման, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից բնակելի և առևտրահասարակական համալիրի կառուցման նպատակով համաձայնեցված նախագծերի՝ Արամի և Աբովյան փողոցների քննարկվող հատվածների մայթերը նախատեսվել է ընդլայնել և Արամի 30 շենքի տեղում այլ կառույց չի նախատեսվել:
Նշենք, որ «ԱՎՈ Ֆ. Մ. Հ.» ՍՊ ընկերության տնօրեն Ավեդիս Կարագուլյանի դեմ 2012թ-ին մի շարք քաղաքացիների բողոքներ էին ներկայացրել՝ առ այն, որ վերջինս խաբեությամբ ձեռք է բերել իրենց պատկանող հողատարածքները: