Հասարակություն Իրավական 

«Եթե լռեի, մի օր էլ ինձ կտրաքացնեին». Մալաթիայի խանութի պայթեցման գործը գլխավոր դատախազությունում է.1in.am

Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի խանութներից մեկում երեկ վաղ առավոտյան հնչած պայթյունի գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական ծառայություն, իսկ այսօր արդեն՝ գլխավոր դատախազություն: Այս մասին 1in.am-ը տեղեկացել է գլխավոր դատախազության հանրային կապերի ծառայությունից:

Անդրանիկի փողոցի 144/6 հասցեում գործող հագուստի սրահի տերերը չցանկացան տեսախցիկի առջև պատասխանել մեր հարցերին, սակայն մեզ հետ զրույցում խանութի սեփականատեր Արսեն Արսենյանն ասաց, որ սպասում է քննության արդյունքներին:

«Եթե լռեի, մի օր էլ ինձ կտրաքացնեին»,- ասաց Արսենյանը: Նա չհերքեց, որ եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմներից:

Արսենյանի կինը պատմեց, որ դեպքն արդեն երկրորդ անգամ է կրկնվում: Նրա խոսքով՝ երկու օր առաջ էլ անհայտ մարդիկ փորձել են գազի բալոններով պայթեցնել խանութը: «Գազի բալոնների վրա էլ՝ երկու TT-ի փամփուշտ, պահակը նկատել է եւ կանխել է»,- ասաց սեփականատերը:

Ըստ նրա՝ ոստիկաններն առգրավել են խանութի տեսախցիկները, որոնց համաձայն պայթուցիկը դիմակավորված մի անձ է դրել ու պայթեցրել:

Մեր հարցին, թե Սամվել Ալեքսանյանն այս ընթացքում փորձե՞լ է իրեն տեսնել, իր հետ համաձայնության գալ, Արսեն Արսենյանը բացասական պատասխան տվեց, ասելով, որ ոչ եկել են, ոչ տեսել է, ոչ էլ ուզում է տեսնել Ալեքսանյանին:

Նշենք, որ ավելի վաղ խանութի տիրոջ կինը մամուլում ասել է, որ կասկածում է նաեւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որը ամուսնու հետ խնդիրներ ունի: Ինքը՝ Արսեն Արսենյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ որեւէ լումա պարտք չէ Ալեքսանյանին: «Ես ոչ մեկին ոչ մի լումա պարտք չեմ: Ընդհակառակը՝ ես եմ կորցրել»,- ասաց նա:

Նշենք, որ մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ նրա ու Ալեքսանյանի ջրերը մի առվով չէին հոսել այն պահից, երբ պատգամավորից գումար էր «անհայտացել»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանից այդպես էլ չհաջողվեց որեւէ բան ճշտել. պատգամավորը չպատասպանեց մեր հեռախոսազանգերին:

Նույն շարքից