1800-ական թվականներին Էրզինջանում (Երզնկա) կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին գանձ որոնողների պեղումների պատճառով ավերակի է վերածվել:
Ինչպես հաղորդում է «Ակոս»-ը, երկար տարիներ ի վեր ճակատագրի հույսին թողնված եկեղեցին վերջին օրերիս դարձել է գանձ որոնողների հանդիպման վայրը: Խոշոր նյութական վնաս կրած կառույցը պահպանելու անհրաժեշտությանն ուշադրություն չեն դարձրել: Եկեղեցին տեղի ոստիկանության կողմից կողպվել է:
Եկեղեցու` գանձ որոնողների թիրախը դառնալու մասին ահազանգել է մոտակա բնակավայրի բնակիչներից Թոլգա Գուրունը` ընդգծելով, որ այն կարող է կրկնվել և միայն եկեղեցին կողպելը ավազակներին չի վախեցնի:
Կենտրոնից 15 կմ հեռավորության վրա գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման աշխատանքներն իրականացնելու էր Էրզինջանի նահանգապետարանը, սակայն նահանգապետի փոփոխությունից հետո վերակառուցման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել: