Հունվարի 25-ին կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Ինչպես հայտնի է, նստաշրջանի օրակարգում ներառված է երկու հակահայկական զեկույց` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» (զեկուցող՝ Ռոբերտ Վոլթեր) և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» (զեկուցող՝ Միլիցա Մարկովիչ) վերնագրերով:
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներն այս օրերին հանդիպումներ են ունենում տարբեր երկրներում ԵԽԽՎ տարբեր պատվիրակների հետ՝ փորձելով հասնել նրան, որ վերոնշյալ երկու հակահայկական զեկույցները կասեցվեն: Այս խնդրի վերաբերյալ շրջանառվում են տարբեր տեսակետներ:
Տարբեր քաղաքական ուժեր փորձում են լուծում գտնել հակահայկական զեկույցները կասեցնելու համար: Որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ եթե ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը ԵԺԿ անդամներ են, իսկ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ բազմիցս մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովներին, ապա այս կապերն էլ կարելի է օգտագործել դրական արդյունքի հասնելու համար:
Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը՝ ընդդեմ Վոլթերի ու Մարկովիչի զեկույցների: Ի՞նչ ակնկալիքներ կան: Այս թեմայի մասին Analitik.am-ը զրուցել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի հետ:
-ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը ԵԺԿ անդամներ են, իսկ ՀՀԿ-ն էլ ԵԺԿ անդամ է: Ի՞նչ եք կարծում, այս հանգամանքը կարո՞ղ է օգնել հայկական կողմին՝ հակահայկական զեկույցների կասեցմանը հասնելու համար:
-Ավելի քան վստահ եմ, որ Եվրախորհրդարանում եվրոպական կուսակցությունների պատկանելիությամբ չի որոշվում մեր ներկայությունն այս հարթակում: Ես դրանք միմյանց հետ չեմ կապում: Սա մեկ կուսակցության որոշելու հարց չէ, որ որոշեն ու բոլորը նույն ձևով քվեարկեն: Եվրոպական պառլամենտը այլ մեխանիզմներով է աշխատում:
-Արդեն հայտնի է, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակներից շատերը մեկնել են տարբեր երկրներ, որտեղ աշխատանքներ են իրականացնելու ԵԽԽՎ յուրաքանչյուր պատգամավորի հետ առանձին-առանձին: Ի՞նչ եք կարծում, նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները կարո՞ղ են հանգեցնել մեզ համար ցանկալի արդյունքի:
-Կարծում եմ, որ նման մոտեցումները պայմանավորված են հարցի կարևորությամբ: Բոլոր պառլամենտական գործիչները, ովքեր ունեն այդ հնարավորությունը, վստա՛հ եղեք, օգտագործելու են այն՝ ի շահ մեր երկրի: Իսկ թե ի՞նչ արդյունքի կհասնենք, կանխատեսումներ անել չեմ ուզում: Արված աշխատանքի արդյունքը մենք կտեսնենք քվեարկության ժամանակ: Ցավոք, ավելի վաղ մենք չենք կարող գնահատականներ տալ, որքան էլ վստահ լինենք: ԵԽԽՎ-ում այնպիսի մարդիկ են լինելու, ովքեր ունեն իրենց երկրները, կուսակցությունները, շահերը: Կան նաև այնպիսիք, ովքեր ենթարկվել են ադրբեջանական քարոզչամեքենային և լոբբինգին: Այսինքն՝ որոշներն ունեն պրոբլեմներ ու բացահայտ չեն կարող մեզ աջակցել: Այդ իսկ պատճառով մենք այսօր չեն կարող թիվ կամ մոտավոր արդյունք նշել: Մենք միայն կարող ենք վստահեցնել, որ աշխատանքներ արվում են, և մենք հույս ունենք, որ կկանխենք այդ բանաձևերի ընդունումը, բայց թե որքանով դա մեզ կհաջողվի, կերևա քվեարկության օրը:
-Ինչպես գիտենք Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նամակ էր գրել Եվրոպայի Լիբերալների և Դեմոկրատների Ալյանսի նախագահ Հանս վան Բաալենին: Ի՞նչ եք կարծում, այս և նմանատիպ քայլերը կարո՞ղ են անմիջական դրական ազդեցություն ունենալ հակահայկական բանաձևերի կասեցման հարցում:
-Ինչպես հայտնի է, միայն Լևոն Զուրաբյանը չէ, որ այսպիսի նամակագրական դիվանագիտությամբ է զբաղված: Տարբեր գործիչներ ու դիվանագետներ զբաղվում են այս հարցով: Այս խնդրով զբաղվում է մեր ամբողջ դիվանագիտական կորպուսը: Սա համալիր խնդիր է: Չեմ ուզում խոսել կոնկրետ մեկ նամակի մասին, կամ մատնանշել որևէ մեկի նամակը, բայց պետք է նշեմ, որ այո, յուրաքանչյուր այսպիսի քայլ կարող է դրական արդյունքի հանգեցնել՝ օգուտ տալով ընդհանուր գործին: Սա ընդհանուր, մեծ գործ է: Մենք չենք անձնավորելու այդ գործից թեկուզ մեկ դրվագ:
Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը