Interfax-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատության է ենթարկել Վլադիմիր Լենինի գործունեությունը:
Գիտության եւ կրթության խորհրդի անդամների հետ հանդիպմանը Կուրչատովյան ինստիտուտի ղեկավար Միխայիլ Կովալչուկը մեջբերել է Բորիս Պաստեռնակի «Վեհ հիվանդություն» բանաստեղծության Լենինի նվիրված հատվածը. «Նա կառավարում էր մտքի ընթացքը եւ միայն դրա համար` նաեւ երկիրը»: Կովալչուկը նախագահին առաջարկել է «գտնել այնպիսի կազմակերպություններ, որոնք պիտի տարբեր ուղղություններով կառավարեն մտքի ընթացքը»:
«Մտքի ընթացքը կառավարելը ճիշտ է, բայց անհրաժեշտ է, որ այդ միտքը ճիշտ արդյունքի հանգեցնի, ոչ թե ինչպես Վլադիմիր Իլյիչի դեպքում: Ի վերջո այդ միտքը հանգեցրեց Խորհրդային Միության փլուզմանը, ահա թե ինչի: Այնտեղ շատ նման մտքեր կային` ինքնավարացում եւ այլն: Ռուսաստան կոչվող շինության տակ ատոմային ռումբ էին տեղադրել, եւ հետո դա պայթեց: Եվ մեզ համաշխարհային հեղափոխություն պետք չէր»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: