Ավանդույթի համաձայն այսօր բացվեց կենդանաբանական այգին: Տոնական ժամանակացույցի համաձայն` մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի առավոտյան ժամը 09:30-ին և կաշխատի մինչև երեկոյան 22:30-ն: Այգում փոքրիկներին դիմավորեցին հեքիաթների հայտնի հերոսները, ծաղրածուներն ու դիմանկարիչները: Այգու ողջ տարածքում երաժշտական ու թատերական միջոցառումներ էին, որոնց հետևում էին թե՛ մեծահասակները, թե՛ մանուկները: Այգում իրականացվեցին կենդանիների ցուցադրական կերակրումներ:
Մենք զրուցեցինք այգի եկած փոքրիկների հետ, ովքեր ոգևորված էին անցուդարձով: Նրանցից մեկը՝ յոթնամյա Արինան, նոր առաջարկներ ուներ.
«Կուզեմ, որ նոր կենդանիներ բերեն: Դելֆին շատ եմ սիրում և հատկապես դելֆին կուզեի, որ լիներ: Նաև շատ եմ սիրում վագր ու առյուծ, կառաջարկեի, որ մեր կենդանաբանական այգում էլ լինեն այդ կենդանիներից»:
Փոքրիկի խոսքերին կարծես ի ապացույց նրա վագրի նման ներկված դեմքն էր: Արինայի նման դրական ու գունառատ երեխաներ այգում շատ կային, ամենքն իր սիրելու կենդանու մոտ:
www. Analitik.am-ին հատկապես հետաքրքրեց «Կանաչ դպրոց» բնապահպանական կազմակերպությունը, որի ներկայացուցիչ Արթուր Մանուկյանը ներկայացրեց իրենց նպատակները.
«Աճող գլոբալացման պայմաններում երկիր մոլորակը գտնվում է ծանր վիճակում, անհրաժեշտ են կանաչ տարածքներ, որ մարդիկ կարողանան շնչել մաքուր օդ: Մի խումբ մարդկանց նախաձեռնությամբ կազմավորվեց «Կանաչ դպրոց» նախաձեռնությունը: Մեր նպատակն է չթողնել, որ մեր շրջակա միջավայրը ավելի կեղտոտեն»:
Արմինե Բրսոյան