Հասարակություն 

ԵՊԲՀ ուսանողները դեպի Զվարթնոց հեծանվարշավով քարոզում են առողջ ապրելակերպ

analitik.am

Մայիսի 3-ին դեպի Զվարթնոց տաճար հեծանվարշավով ամփոփվեց «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքը: Այն կազմակերպել են Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) Ուսանողական խորհրդարանը  և  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:


Արդեն վաղ առավոտյան ծրագրի շուրջ  100  մասնակիցներ Երևանի Շահումյանի  անվան  հրապարակից հեծանիվներով  շարժվեցին դեպի  Զվարթնոց տաճար: Ճանապարհին մասնակիցները կանգ առան Սուրբ Հովաննես եկեղեցում, ստացան հոգևորականի օրհնություն: Մասնակիցները այցելեցին նաև Զվարթնոց տաճար, թանգարան:   Հեծանվարշավին մասնակցում էին ԵՊԲՀ ուսանողներ և դասախոսներ, Մանկավարժական համալսարանի ուսանողներ և ՀԵՀ-ի կամավորներ:


Առողջ ապրելակերպ քարոզող «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքի շրջանակներում ԵՊԲՀ ուսանողներն ու աշխատակիցները մրցել են տարբեր սպորտաձևերում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, պինգ-պոնգ (սեղանի թենիս), պարանի ձգում, Brain ring, իսկ ծրագրի ամփոփումը տեղի կունենա հեծանվարշավի տեսքով: Մրցակցությունն ընթացել է ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտական, Արտասահմանցի ուսանողների ֆակուլտետների  և  համալսարանի աշխատակիցների միջև:


ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը նկատեց, որ այս ծրագիրը ՀԵՀ-ի կազմակերպած ծրագրերից առաջինը չէ, որ ուղեկցվում է հեծանվարշավով և շեշտեց. «Կարևորում ենք առողջ ապրելակերպի մշակույթի տարբեր դրսևորումները հատկապես երիտասարդական ոլորտում: Առավել կարևոր է, երբ դա կազմակերպում են ԵՊԲՀ ուսանողները և դրան միանում են բազում այլ երիտասարդներ»: Արուսյակ Պողոսյանը հույս հայտնեց, որ նման միջոցառումներն ավելի շատ կլինեն, ինչն էլ կնպաստի, որ քաղաքում հեծանիվը՝ որպես փոխադրամիջոց օգտագործելու մշակույթը առավել լայն տարածում կգտնի:


ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի փոխնախագահ Անի Ռափյանը, կարևորելով ծրագիրը, նշեց. «Ծրագրի  նպատակն  է քարոզել առողջ   ապրելակերպ    մասնակիցների  և  հատկապես  ուսանողների  շրջանում: Որպես բժիշկներ մենք քարոզում ենք նաև ֆիզիկական առողջությունը և պատրաստվածությունը»:

 




Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նույն շարքից