Հասարակություն գլխավոր 

Արամի 30 հասցեում կառուցապատում իրականացնելու իրավունք ստացել ենք քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից. Ավեդիս Կարագուլյան

Այսօր Արամի 30 հասցեի ետնամասում կառուցվող շինության կառուցապատող «ԱՎՈ ՖՄՀ» ՍՊԸ-ի տնօրեն Ավեդիս Կարագուլյանը
նոր նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն այսօր հանդիպեցին լրագրողներին:

Ավեդիս Կարագուլյանը ասուլիսի սկզբում պնդեց, որ ինքը տեղյակ չի եղել, որ Արամի 30 հասցեում գտնվող ապամոնտաժված շինությունը հուշարձան է եղել կամ որպես պատմամշակութային արժեք՝ թանկ է մեզ՝ հայերիս համար:

«Ես Սիրիայից եմ եկել: Այս տարածքն ինձ համար շահույթ ստանալու աղբյուր չէ: Ես չեմ իմացել, որ սա հուշարձան է, ինձ տրված է այս բաժինը, և ես այն պիտի հանձնեմ ու պիտի ճանապարհ կառուցեմ: Այդ տարածքը հանրային գերակա շահ է հռչակվել: Կառուցապատում իրականացնելու իրավունք ստացել ենք 2004թ. քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից: Նախապես ունեին այդ նախագիծը: Մեկը չասաց, որ Արամի 30 հասցեի շենքը հուշարձան է, հնություն է»:

Այստեղ նկատելի մի պարադոքս կա: Եթե պարոն Կարագուլյանը տեղյակ չի եղեկ, որ այդ շինությունը քանդելը բացասական արձագանք է ստանալու հանրության կողմից, ապա ինչու՞ շինությունը քանդվեց գիշերը՝ ժամը 4-ին: Անդրադառնալով այս հարցին Կարագուլյանը նշեց.

«Ակտիվիստներից եմ վախեցել, նրանց բողոքից, դրա համար գիշերով քանդեցի»:

Անդրադառնալով Արամի փողոցի ապամոնտաժված շինությանը՝ Աշոտ Ալեքսանյանը նշեց.

«Արամի փողոցը շատ նեղ է և առվակի նման է: Կարևոր է նրա լայնացումը, քանի որ մեքենաները պետք է շրջանցեն հրապարակը: Արամի փողոցին կից մայթ կա, որը հարակից է թանգարանի շենքին, որն ունի 10 աստիճան: Այս մայթը լիարժեք մայթ չէ, մեքենաների երթևեկությանը խանգարում է: Ամեն դեպքում. ցանկացած քար, որ դրված է իմ նախորդների կողմից, ինձ համար արժեք ունի: Ցավում եմ Երևանի այսօրվա հարկայնության բարձրացման համար, ցավում եմ, որ խտացել է Երևանի կենտրոնը, ինչը բերում է տրանսպորտի կուտակման: Հարցերը շատ են, սակայն ես դրանց միայնակ լուծում տալ չեմ կարող: Ի դեպ, Արամի 30 հասցեի հարակից տարածքում կառուցվելու է ութ հարկանի սեղմ շենք: Ես իմ սերունդների առաջ շատ հանգիստ եմ լինելու, իմ խիղճը հանգիստ է»:
Գաղտնիք չէ, որ որոշ քաղաքացիներ բազմիցս բողոքել են Ավեդիս Կարագուլյանի դեմ՝ փաստելով, որ տուժել են վերջինիս իրականացրած գործողություններից: Ոմանք նույնիսկ բողոքը հասցրել են դատարան: Analitik.am-ն ասուլիսի ժամանակ անդրադարձավ այս խնդրին՝ փորձելով պարզաբանում ստանալ Կարագուլյանից.

‹‹Անդրադառնալով Լայլա Ղուկասյանին՝ պետք է ասեմ, որ ինչ-որ ինձ տվել է, իրեն հետո տվել եմ ավելի մեծ չափով տարածք՝ իր համաձայնությամբ: Իրեն պիտի տրվեր մոտ 100 մետր քառակուսի տարածք, բայց տրվել է 167 մետր քառակուսի տարածք՝ տույժ ու տուգանքի փոխարեն. դե, ուշացրել էի: Անդրադառնալով տիկին Մարինեին՝ պիտի ասեմ, որ ես ուշացրել եմ պարտականություններիս կատարումը: Բայց ահագին տույժ ու տուգանք է գանձվել: Հետո իր տունը հանձնել եմ: Իսկ որ տնից դժգոհ է, եթե չէր ուզում, թող չստորագրեր այդ փաստաթղթի տակ: Փաստացի իմ ձեռքի տակ կա հանձման ու ընդունման ակտ. ինքը ստորագրել է դրանց տակ››:

Նույն շարքից