Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի փոխարտգործնախարար Յանիս Ամանատիդիսի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից։
ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել առ այն, որ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բանաձևով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Նա ընդգծել է, որ հարկավոր է համատեղ պայքար մղել հանուն քրիստոնյաների ցեղասպանության դատապարտման և թուրքական ժխտողականության դեմ:
Յանիս Ամանատիդիսն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի կողմից անցյալ տարվա մարտի 24-ին միաձայն ընդունված հայտարարության կապակցությամբ, որով դատապարտվել է Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը:
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարն ընդգծել է անցյալ տարվա ապրիլի 22-23-ը Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի նշանակության կարևորությունը ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման հարցում:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ: Կարևորվել է բոլոր հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը:
ԱԺ փոխնախագահը Յանիս Ամանատիդիսի հետ զրույցում անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ Ադրբեջանը չի ցանկանում հաշվի նստել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հետ:
Հունաստանի փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ Հունաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և նշել, որ հիմնախնդրի կարգավորումն այլ հարթակներ տեղափոխելը կարող է վնասել բանակցային գործընթացը: