Հասարակություն 

Նոր թեքահարթակներ ու վերելակով ավտոբուսներ հաշմանդամների համար

analitik.am

 Երևանում կկառուցվեն նոր և ավելի հարմարավետ  թեքահարթակներ հաշմանդամություն ունեցողների համար: Այս մասին այսօր խոսեցին  «Հայ Մայրեր» հկ-ի նախագահ Նարինե Մանուկյանն ու Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: «Հայ Մայրեր» հկ-ի և քաղաքապետարանի հերթական համագործակցության արդյունքում նախատեսվում է մի նոր ծրագիր, որի շրջանակներում  նոր թեքահարթակների կառուցումից բացի, շահագործման կհանձվեն վերելակով 10  ավտոբուս հաշմանդամություն ունեցողների համար: Ծրագրի շրջանակներում կտրամադրվի 1 միլիոն դրամ հաշմանդամ երեխա ունեցող միայնակ մայրերին:


«Ցավով կարող եմ նշել, որ հիմա շատ տղամարդիկ, տեսնելով, որ իրենց երեխան հաշմանդամ է ծնվել, հեռանում են կնոջից: Դա ավելի մեծ ողբերգություն է, քան երեխայի հաշմանդամությունը: Մայրերը չեն կարողանում պահել իրենց երեխաներին, քանի որ աշխատանքն ու հաշմանդամություն ունեցող երեխա պահելն անհամատեղելի են, իսկ պետության կողմից ստացած թոշակը 19.000 դրամ է: Այսինքն մայրերը կանգնած են փակուղու առջև: Ես ցանկանում եմ լինել այդ կանանց կողքին և հենց դրա համար մտածեցի ծրագիր, որին հավանություն տվեց քաղաքապետարանը: Տրամադրվող գումարների հաշվին 17 երեխա կստանա անվճար վերականգնողական բուժում: Մենք ընտրել ենք ոչ լիարժեք և անապահով ընտանիքների ուղեղային կաթված ունեցող երեխաներին» - նշեց Ն. Մանուկյանը:


Ներկայում Երևանում կան տասնյակ թեքահարթակներ, որոնք օգտագործման ենթակա չեն:  Analitik.am-ի այն հարցին, թե ի՞նչ է լինելու արդեն կառուցված թեքահարթակների հետ, և արդյո՞ք կվերակառուցվեն դրանք, պատասխանեց Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը.


«Այդ հին թեքահարթակները կառուցվել են մասնավոր հատվածի կողմից: Ասեմ, որ շատ դեպքերում դրանք թեքահարթակներ չեն հաշմանդամների համար, այլ իրենց ապրանքները տեղափոխելու միջոց: Մենք բոլորին տրամադրում ենք թեքահարթակների կառուցման ճիշտ նախագիծը, բայց, ցավոք, կան տեղեր, որտեղ պայմաններ չկան ճիշտ թեքահարթակներ կառուցելու համար: Այն տեղերում, որտեղ պայմանները կան, բայց սխալ թեքահարթակներ են, մենք հորդորում ենք, որ  վերակառուցեն: Եթե ոչ օրենքի լեզվով, ապա մարդկայնորեն խոսելու ճանապարհով փորձում ենք շտկել սխալները»:

 

 

 

Արմինե Բրսոյան

Նույն շարքից