Վերլուծական գլխավոր 

Արամի 30 շենքի քանդում. Պայքա՞ր, թե՞ պատվեր

Մեզանում հաճախ հասարակությունը մեղադրում է որևէ գործողության հետ բացարձակապես կապ չունեցող մարդկանց կամ կառույցներին: Նույնը տեղի ունեցավ Արամի 30 հասցեում գտնվող շենքի քանդման դեպքում: Ինչպես պարզվեց, վերոնշյալ շենքի տարածքում կառուցապատում իրականացնելու հրամանը տրվել է քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք, այդ տարածքն էլ սեփականաշնորհվել է դեռևս 2000-ականների սկզբին:

Այստեղից պետք է անել հետևություն, որ այդ տարածքը ճարտարապետական արժեք ունեցող հուշարձանների ցուցակից նախկին իշխանություններն են հանել՝ տալով թոյյլտվություն այդտեղ այլ շինություն կառուցելու: Մյուս կողմից, տարածքի սեփականատերը սփյուռքահայ է, ով ասում է, թե տեղյակ չի եղել, որ այդ շենքն իրենից որևէ արժեք է ներկայացնում: Սա նշանակում է, որ այդ տարիներին համապատասխան լիազորություններ ունեցող մարդիկ իրենց նեղություն չեն տվել բացատրել սփյուռքահայերին, ովքեր սեփականություն են ձեռք բերում ՀՀ-ում, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սեփականությունը:

Ունենալով այս փաստերն առնվազն անգրագիտություն է մեղադրել ներկայիս լիազոր մարմիններին մի բանում, ինչն իրենց իրավասություններից դուրս է: Մի՞թե նոր քաղաքապետը, ստանձնելով իր լիազորությունները, պետք է մինչև գործի անցնելը, նախ բավականին ժամանակ ծախսի պարզելու համար, թե նախքան իրեն ինչ խախտումներ են եղել, դրանք լուծի, որից հետո նոր անցնի իր հիմնական աշխատանքին: Սա կնշանակի, որ յուրաքանչյուր պաշտոնյա, իշխանության գալուց հետո, մոտ երկու տարի պետք է զբաղվի նախորդի գործերով, որպեսզի հետո իրեն չմեղադրեն մի բանի համար, որի հետ ինքն ընդհանրապես կապ չունի: Քանի դեռ մենք չենք տարբերակում, թե տվյալ հարցի համար կոնկրետ ում դեմ պետք է բողոք ներկայացնենք, որևէ հարց ադեկվատ լուծում չի կարող ստանալ:

Արամի 30 հասցեում գտնվող շենքը քանդելու հետ կապված պետք է պատասխանատվության հարց բարձրացվի ոչ թե գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի, այլ թույլտվություն տված քաղաքապետ Երվանդ Զախարյանի դեմ: Սակայն, մինչ այդ, պետք է նախ մասնագիտական մոտեցում լինի՝ պարզելու համար, արդյոք այդ տարածքն իրոք ճարտարապետական արժեք է ներկայացնում իրենից, թե ոչ: Բոլորս էլ կարող ենք ունենալ կարծիք՝ ոմանց համար Արամի 30 հասցեում գտնվող շենքը կարող է լինել լուրջ արժեք ունեցող կառույց, մյուսների համար՝ ոչ, սակայն պետք է ոչ թե կարծիք, այլ մասնագիտական գնահատական:

Հ.Գ. Պաշտոնատար անձը պատասխանատու է միայն այն արարքների համար, որոնք արվել են իր պաշտոնավարման ժամկետի շրջանում, և որևէ կերպ նա կապ չունի և պարտավոր էլ չի ունենալ մինչ իր կողմից պաշտոնը զբաղեցնելու պահը եղած խախտումների և անօրինականությունների հետ: Պայքարն արդյունավետ է, եթե ճիշտ ուղղությամբ է, իսկ հակառակ դեպքում, դա ոչ թե պայքար է, այլ՝ պատվեր:

Ա. Մինասյան

Նույն շարքից