Հասարակություն 

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ

analitik.am

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ, տեղեկացնում են ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակը: 

Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախի պատերազմի հաղթանակների նշանակությանը:

Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրի լուծմանը՝ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ, ինչպես ցանկացած կոնֆլիկտ, ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտը նույնպես պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, և այս առումով Հայաստանը բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա բանակցային լիարժեք կողմ, քանի որ ոչ ոք, բացի Արցախի ժողովրդից, ի զորու չէ որոշելու Արցախի ճակատագիրը: Իսկ արցախցու խորին համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Էդուարդ Շարմազանովը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին: Նա ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որեւէ գործընթացում ցանկացած նախապայման Հայաստանի համար ընդունելի չէ, իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, դա անառարկելի փաստ է, հետեւաբար այդ փաստն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը՝ անիմաստ:

ԱԺ փոխնախագահը ուսանողներին շնորհավորել է Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Նա անդրադարձել է հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող հաղթական իրադարձություններին, մասնավորապես Հայաստանի անկախությունն առավել արժեւորող արցախյան պատերազմի հաղթանակին, Շուշիի ազատագրմանը, նորանկախ հայկական բանակի կայացմանը:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ այդ հաջողություններին տեր լինելու, դրանք պաշտպանելու եւ զարգացնելու համար պետությունը, նրա բոլոր քաղաքացիները, յուրաքանչյուր հայ մարդ պետք է ունենա կայուն ու մրցունակ երկիր ստեղծելու ոչ միայն հստակ գիտակցում, այլեւ այդ գաղափարներն իրականացնելու կամք ու հետեւողականություն:

Էդուարդ Շարմազանովը ազգային միասնականությամբ է պայմանավորել համազգային խնդիրների՝ երկրի հզորացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ ազգային այլ նպատակների արդյունավետ իրականացումը:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լուսանկարվել է ուսանողների հետ:

Նույն շարքից