Հասարակություն 

Սպանության մեղադրանքով 13 տարի հետախուզվողը Իսպանիայից տեղափոխվել է Հայաստան

ՀՀ ոստիկանները Իսպանիայում հայտնաբերել և Հայաստան են տեղափոխել 13 տարի առաջ տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող և միջազգային հետախուզման մեջ գտնվող Արմեն Ավետիսյանը։

Դեպքը տեղի էր ունեցել 2003 թ. հունվարի 7-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, երբ
1982 թ. ծնված Արմեն Ավետիսյանը Երևանի Կողբացու փողոցի թիվ 53 շենքի դիմաց «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակել էր «Վազ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մկրչյանի վրա։ Վերջինս դեպքի հաջորդ օրը վերջինս, ստացած հրազենային վնասվածքից, հիվանդանոցում մահացել էր։

Արմեն Ավետիսյանին հայտնաբերել և քրեական պատասխանատվության ներկայացնել չէր հաջողվել և նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում և օպերատիվ-հետախուզական ու որոնողական լայնածավալ միջոցառումները շարունակվել էին։

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչությունը, Հայաստանի և Իսպանիայի Թագավորության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների համագործակցության շնորհիվ 2015 թ. ապրիլի 21-ին Արմեն Ավետիսյանը Իսպանիայում հայտնաբերվել և կալանավորվել է, իսկ 2016 թ. հունվարի 22-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի կողմից Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է Հայաստան և փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին:

Նույն շարքից