Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ որոշում է կայացրել ազատ արձակել այսօր նախօրեին ձերբակալված՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ով մեղադրվում է ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ:
«Շուշանիկ Բախշյանը դատարանի վճռով` փաստաթղթով ազատ է արձակվել, և դատարանի որոշումն է` «պարտավորեցնել քննիչին` վերացնել ապօրինի ձերբակալումը», բայց քննիչը դատարանի այդ պարտականությունից խուսափելու համար, այսինքն` երբ կուզեմ` դատարանի վճիռը կկատարեմ սկզբունքով դատարանի շենքից փախավ բառիս բուն իմաստով: Հիմա էլ զանգում ենք, որ ասենք` այ, տղա, որոշումը բեր ազատման, դատարանը ազատման որոշում է կայացրել»,- Tert.am-ին հայտնել է Շուշանիկ Բախշյանի շահերի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը:
Այսինքն` Սիրունյանն ու Բախշյանը սպասում են` մինչև կգտնեն քննիչին ու նա բերի ազատման թուղթը: Քննիչը, ըստ Ալեքսանդր Սիրունյանի, Երևանի քննչական վարչության քննիչ Հարություն Բաղմանյանն է:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։