Միջազգային Քաղաքականություն 

Բազմահազարանոց ցույցեր Լեհաստանի խոշոր քաղաքներում՝ ի պաշտպանություն ժողովրդավարության և քաղաքացիական ազատությունների

analitik.am

Լեհաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև 35 քաղաքներում տեղի են ունենում մասսայական ցույցեր` ի պաշտպանություն ժողովրդավարության և քաղաքացիական ազատությունների` կազմակերպված «Ժողովրդավարության պաշտպանության կոմիտեի» (ԺՊԿ) կողմից: Չնայած ցրտին՝ Վարշավայի բնակիչները պաստառներով, Լեհաստանի և Եվրամիության դրոշներով եկել են կառավարական շենքի մոտ` հայտնելու իրենց դիրքորոշումը, հայտնում է TASS-ը:

Ակցիային մասնակցում է մի քանի հազար մարդ: «Մենք բողոքում ենք այն օրենքների դեմ, որոնք խախտում են քաղաքացիների ազատությունը: Մենք դեմ ենք համացանցով հետապնդումներին, մեր անձնական կյանքին խառնվելուն»,-նշել են ցույցի կազմակերպիչները:

«Մենք հեղափոխականներ չենք, մենք չենք քանդում պետությունը այնպես, ինչպես դա անում է կառավարությունը: Մենք ցույց ենք անում ի պաշտպանություն ազատության, ուզում ենք բողոք հայտնել իշխանությունների բոլոր վերջին գործողությունների նկատմամբ»,- հայտարարել է ԺՊԿ-ի հիմնադիր Մատեուշ Կիևսկին:

Բացի Լեհաստանի քաղաքներից` ԺՊԿ-ն բողոքի ակցիա է անցկացնում նաև եվրոպական մի շարք մայրաքաղաքներում`Բեռլինում, Ամստերդամում, Փարիզում, Բրյուսելում, Ստոկհոլմում, Լոնդոնում և Վիեննայում` Լեհաստանի դեսպանատների մոտ:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ից Լեհաստանում ուժի մեջ կմտնի ոստիկանության և այլ ծառայությունների մասին նոր օրենք, մասնավորապես՝ կանոնակարգելով իրավապահ մարմինների կողմից երկրի քաղաքացիներին հետևելու նորմաները: Ծառայությունների հնարավորությունները կընդլայնվեն մինչև համացանցից, էլեկտրոնային նամակներից և սոցիալական ցանցերում հաղորդագրություններից տվյալների ստացումը:

Նույն շարքից