Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նվագախմբի եւ նրա ղեկավարի աշխատասիրությունն ու նվիրվածությունը երաժշտությանը ծնում են նոր գաղափարներ ու ծրագրեր

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամներին, ողջ աշխատակազմին ու երկրպագուներին՝ նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ:

Երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ նվագախումբն իր կարեւոր տեղն է զբաղեցնում Հայաստանի մշակութային կյանքում: Այս երիտասարդ, բայց արդեն իսկ կայացած ստեղծագործական կոլեկտիվը իրականացնում է կարեւոր սոցիալ-մշակութային առաքելություն,  պահպանում եւ տարածում է դասական երաժշտության հարուստ ժառանգությունը՝ լուսավորչական եւ հոգեւոր դաստիարակության իր ծանրակշիռ ներդրումը կատարելով ոչ միայն երիտասարդության, այլեւ ընդհանրապես հասարակության կյանքում:

Հանդիսանալով երիտասարդության եւ արհեստավարժության կուռ համաձուլվածք՝ նվագախումբը  բարձրաճաշակ կատարումներով հիացնում է թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրյա արվեստասերներին՝  մատուցելով հայ ու համաշխարհային դասական երաժշտության գոհարներ ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նվագախմբի եւ նրա ղեկավարի աշխատասիրությունն ու  նվիրվածությունը երաժշտությանը ծնում են նոր գաղափարներ ու ծրագրեր, որոնք համերգների ու համերգաշարերի տեսքով ավարտվում են հանդիսատեսի հետ նոր անմոռանալի հանդիպումներով: Համոզված եմ, որ հետագայում եւս նվագախումբը կշարունակի իր բարերար ազդեցությունն ունենալ մշակութային մթնոլորտի վրա:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ՝ մաղթելով ստեղծագործական ոգեւորություն, լավատեսություն եւ ամենայն բարիք: Թող նվագախմբի կենսագրության հաջորդ տարիները դառնան ստեղծագործական նոր որոնումների եւ նոր ձեռքբերումների ժամանակներ»:

Նույն շարքից