Հասարակություն 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ՝ Հյուսիսային Ուելսում

Հյուսիսային Ուելսի Գվինեդ շրջանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Գվինեդի շրջանային խորհրդի շենքում տեղադրված հուշատախտակի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Գվինեդ շրջանի խորհրդի նախագահ Դեվի Օուենը, ինչպես նաև ընթերցվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ուղերձը: Այնուհետև Հայ Առաքելական Եկեղեցու՝ Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Ուելսի Սուրբ Դավիթ եկեղեցու առաջնորդ Պատրիկ Թոմասը հայերենով և վալլիերենով կատարել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն:

2004թ. Գվինեդի խորհուրդը միաձայն քվեարկել էր Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Ուելսի հայ համայնքի ջանքերով համաձայնություն էր ձեռք բերվել հուշատախտակ տեղադրել` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:

Նույն օրը Լոնդոնի հեղինակավոր «Purcell Hall» սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Գարնանային հիշատակի համերգը», որի ընթացքում կատարվել են հայտնի հայ երգահաններ Կոմիտասի, Կանաչյանի, Ալեմշահի և այլոց ստեղծագործությունները: 

Նույն շարքից