Հասարակություն 

Հայաստանում կշարունակվեն երկրաբանական համատեղ հետազոտությունները

Հայաստանի ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, օրերս Թբիլիսիում ստորագրել է «Հարավային Կովկաս` երկրի մասին գիտություններ» միջազգային հետազոտական խմբի (GDRI) հիմնադրման համաձայնագրում  լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթը, որով երկարացվում է «Հարավային Կովկաս` երկրի մասին գիտություններ» միջազգային հետազոտական խմբի (GDRI) գործունեության ժամկետը:


Հիշեցնենք, որ GDRI միջազգային գիտահետազոտական խումբը կազմավորվել է  2009  թ. ՀՀ  ԿԳՆ  եւ Ֆրանսիայի Գիտական  հետազոտությունների  ազգային  կենտրոնի միջեւ կնքված  պայմանագրի  շրջանակներում անցկացված միջազգային գիտահետազոտական խմբերի կազմավորման ծրագրերի մրցույթի արդյունքում: Հայկական կողմից մրցույթում հաղթել էր ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը: GDRI-ի գործունեության առաջին փուլի ընթացքում՝ 2009-13 թթ. հայկական  կողմից ծրագրին մասնակցած 17 հոգանոց խումբն իրականացրել է հետազոտություն՝  «Փոքր Կովկասի լեռնաշղթայի երկրադինամիկ էվոլյուցիան՝ ազդեցությունը բնական ռեսուրսների, ակտիվ տեկտոնիկայի եւ ռիսկի վրա» թեմայով: GDRI-ում հայկական կազմակերպության հետ ընդգրկված են ֆրանսիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի գիտական կազմակերպություններ:


Ծրագրի նպատակն է տարածաշրջանի երկրաբանական հետազոտությունների իրականացման գործում երկրների միջեւ համագործակցության զարգացումը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են միջազգային գործուղումներ, համատեղ գիտական հանդիպումներ, համատեղ հրատարակումներ եւ այլն:

Նույն շարքից