Փորձագետների միջազգային խումբը դիմել է մի շարք երկրների կառավարություններին՝ մասնավորապես առողջապահական ոլորտի պատասխանատուներին, որպեսզի համաճարակների ժամանակ դադարեցնեն «Տամիֆլյու» հակավիրուսային դեղամիջոցի մասսայական գնումը: Հիմնավորումն այն է, որ այդ դեղամիջոցը էֆֆեկտիվություն չունի, ինչպես նաև այն օգտագործելը մի շարք բացասական ազդեցություններ է ունենում հիվանդների առողջության վրա: Իրենց եզրակացությունները հեղինակները հրապարակել են ապրիլի 10-ին Cochrane Collaboration կայքում:
Չնայած որ «Տամիֆլյու» և «Ռելենզա» դեղամիջոցները համարվում են գրիպի դեմ պայքարի ժամանակակից ամենաարդյունավետ դեղամիջոցներ, ինչպես նաև հաստատված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, Օքսֆորդի ինստիտուտի մասնագետների խումբը՝ Կարլ Հենեգենի ղեկավարությամբ և Մերիլենդի համալսարանի խումբը՝ Պիտեր Դոշի գլխավորությամբ, դեռևս 2009 թվականից ուշադրություն են հրավիրում այդ դեղամիջոցների արդյունավետության և կասկածելիության վրա:
Այսպես՝ 2012-ին խմբերի անդամները պահանջել են «Տամիֆլյու» -ն արտադրող շվեյցարական Roche կազմակերպությանը տրամադրել իրենց այդ դեղամիջոցի արդյունավետության մասին փաստեր, քանի որ նրանք տարբերություններ են գտել Roche-ի կողմից վերահսկողական մարմիններին ներկայացված տեղեկատվության և դեղամիջոցի մասին գիտական ամսագրերում հրապարակված նյութերի միջև:
Հենեգենի և Դոշի գլխավորությամբ անցկացվել են «Տամիֆլյու»-ի արդյունավետության մասով 20 կլինիկական ուսումնասիրություններ, որոնց մասնակցել է թվով 24 հազար մարդ:
Արդյունքում պարզվել է, որ «Տամիֆլյու»-ի օգտագործումը համաճարակների ժամանակ որպես պրոֆիլակտիկ միջոց, աննշան է նվազեցնում գրիպով վարակվելու ռիսկը ինչպես անհատի, այնպես էլ ընտանիքի անդամների մոտ: Հաստատվել է նաև, որ դեղամիջոցը չի կարող կանխել մարդուց մարդու գրիպի փոխանցումը: Ինչ վերաբերում է թերապեևտիկ նպատակներով դեղամիջոցի օգտագործման արդյունավետությանը, ապա պարզվել է, որ դեղամիջոցը մեծահասակների մոտ ընդամենը կես օրով է երկարաձգում հիվանդության սիմպտոմները: Երեխաների մոտ այդ ժամկետն ավելի կարճ է: Հեղինակները նաև պարզել են, որ դեղամիջոցը որևէ կերպ չի թեթևացնում գրիպի հետևանքները:
Հաստատվել է նաև, որ «Տամիֆլյու»-ն շատ ավելի վատ ազդեցություն է ունենում, քան «Ռելենզա»-ն: Պրոֆիլակտիկ նկատառումներով ընդունելու դեպքում «Տամիֆլյու»-ն ավելի վտանգավոր է առողջության համար՝ առաջացնում է գլխացավեր, խաթարում է երիկամների բնականոն աշխատանքը, կարող է առաջացնել հոգեկան խանգարումներ: Կան նաև փաստեր, որոնք ցույց են տալիս, որ «Տամիֆլյու»-ն ընդունելու դեպքում թուլանում է օրգանիզմի՝ վիրուսի դեմ պայքարելու բնական հատկությունը:
Հեղինակների պնդմամբ, պետությունները պետք է դադարեն գնել «Տամիֆլյու»-ն՝ որպես խոզի գրիպի դեմ պայքարի լավագույն դեղամիջոց, քանի որ նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն արդյունավետ չէ, ավելին՝ վտանգավոր:
Աղբյուր՝ medportal.ru