Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում իր ամենշաբաթյա ելույթի ժամանակ աշխարհին կոչ է արել աղոթել Բալկաններում ջրհեղեղներից մահացածների ու տուժածների համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Պոնտիֆիկոսն ասել է, որ ինքն անձնական կապ է զգում բոլոր նրանց հետ, ովքեր տառապում են։
Բոսնիա և Հերցեգովինայում, Խորվաթիայում և Սերբիայում ջրհեղեղների հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ անօթևան են մնացել: Աղետից փրկվելու համար մարդիկ լցվում են նավակներն ու զինվորական բեռնատարները: Տարածաշրջանի մեծ մասն առանց էլեկտրականության է մնացել:
Ջրհեղեղները նաև ավելի քան 2.000 սողանքի պատճառ են դարձել, որոնց հետևանքով ի հայտ են եկել 90-ականների Բոսնիական պատերազմից մնացած ականները: Տարածաշրջանին օգնում են Ռուսաստանն ու ԵՄ-ն։