Հայաստան Քաղաքականություն 

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը 5-րդ բանակային զորամիավորում

analitik.am

Հայոց Ազգային Բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի, ինչպես նաև հայոց անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայրենասիրական 25 միջոցառումներ է իրականացնում ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում, սահմանագծի մարտական տարբեր հենակետերում:

        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու   Հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Հայրենասիրական միջոցառումն սկսելուց առաջ, Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ, լռության րոպե հայտարարվեց՝ հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյանի. «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատա՛ր, հարգարժան գեներալ–մայոր Կարեն Աբրահամյա՛ն, արցախյան հերոսամարտ հաղթանակած հայրենապահ զինվորականնե՛ր, քրիստոսապաշտ հայե՛ր, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Ազգային բանակ, որը կազմավորվեց հայ ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհի մեջ ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում, ազգային բանակ, որի կայացման գործում բացառիկ ներդրում ունեցան և ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները… փա՛ռք ու պատիվ նրանց և Ձեզ՝ հայրենաշունչ զինվորականնե՛ր… «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ՝ հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ: Ազգապահ զինվորականնե՛ր, Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհը պատգամում էր. «Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով»… Ես ավելացնում եմ. «Ապրե՛լ, գործե՛լ, մեռնե՛լ հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման. ահա՛ իմ դավանած հայրենասիրությունը»: Նժդեհը շարունակում էր. «Բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, պատմական Հայաստանի արքա Տիգրան Մեծի Հայաստանապաշտ զավակնե՛ր: Այո՛, դո՛ւք եք, որովհետև դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնելու խղճներիդ և ասելու. «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերի»: Եվ այդ հաղթությունը դուք եք բերելու ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար: Միշտ գիտակցե՛ք, որ դուք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները,  իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները:Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան: Միշտ գիտակցե՛ք, որ Հայաստանն ավելին է, քան մենք բոլորս: Միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնել  հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան:

         Կեցցե՛ք դուք,

        Կեցցե՛  անպարտելի հայոց ազգային բանակը»:

Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց  ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և 5 զորամասերի սպաների, ինչպես նաև Կազմակերպության խորհրդանիշ՝ արծիվ նվիրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին: Խաչիկ Ասրյանը նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց  ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալներին, 5 զորամասերի հրամանատարներին և մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագարային զինծառայողների:

 Հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության մի շարք անդամներ՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման գործում մեծ ներդրում ունենալու համար:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերում կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց հայրենասեր հայորդիներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

 «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

30

Նույն շարքից