Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հայկական պատվիրակության անդամները պետք է հասկանան, որ ԵԽԽՎ տուրիստական նպատակով չեն գնում

analitik.am

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբի հյուրն էր Ստյոպա Սաֆարյանը, ով ասուլիսի ժամանակ նշեց, որ հակահայկական զեկույցների ստեղծման և ընդունման մեջ մեղավոր է բացառապես հայկական պատվիրակությունը:

Նա ասաց, որ պետք է գնալ նիստերին ոչ թե որպես տուրիստական այց, այլ աշխատելու համար: Սաֆարյանը հնարավոր համարեց, որ զեկույցը կընդունվի՝ Ադրբեջանին սիրաշահելու համար, բայց դա Հայաստանի համար վտանգավոր է:

Սաֆարյանը նաև հավանական համարեց, որ հայկական պատվիրակությանը ինչ-որ փոփոխություններ անելու հնարավորություն կարող է տան, որպեսզի հետո պատվիրակության անդամները Հայաստանում իրենց PR-ն անելու հարցը կարողանան լուծել:

Նա իր խոսքում նշեց, որ գուցե ոչ այնքան տեղեկացված քաղաքացիներին կարող են մոլորեցնել. «Կարող են պատճառ բերել, թե մեղավորը խավիաարասեր եվրոպացի որոշ պատվիրակներն են, սակայն իրականում այդպես չէ և պատճառը մեր պատվիրակության ոչ ակտիվ ու անարդյունավետ գործելակերպն է: Նախ պետք է ճիշտ բացատրել եվրոպացիներին, թե ինչու չպետք է ընդունվեն այդ զեկույցները, ինչ վտանգներ է դա պարունակում, ինչ ազդեցություն կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա և այսպես շարունակ:

Պատվիրակության անդամներ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, թե ով է նա և ինչ հարգանք է վայելում նախ հայ հասարակության մեջ: Նա, ով կարողանում է գրավել հասարակությանն իր խոսքով և հանրային գործունեությամբ, այլ ոչ թե փողով, ուրեմն վստահաբար այդ մարդը կարող է հարգանք ստեղծել նաև միջազգային վեհաժողովում: Իսկ եթե պատգամավորը սեփական երկրում չի կարողանում հեղինակություն ունենալ, ապա նա հաստատ չի կարողանա միջազգային հարթակում որևէ բան անել»:

Սաֆարյանն ասաց, որ պատվիրակության անդամների փոփոխություն պետք է լինի: Ըստ նրա, չի կարելի գնալ միջանցքներում հարցեր տալ, լուսաբանել դա, հետո էլ ասել, թե գործ է արվել:

Նույն շարքից