Չինաստանի արևելյան Անհոյ նահանգում մի քանի տասնյակ տարեց մարդ ինքնասպան է եղել՝ օրեր անց նահանգում սահմանվելիք հուղարկավորության արգելքից խուսափելու համար։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հունիսի 1-ից, նահանգային իշխանությունների որոշմամբ, Անհոյում տարածքի խնայման նպատակով փակվելու են բոլոր գերեզմանատները, ինչից հետո հանգուցյալներին դիակիզելու են։ Սակայն կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն ցանկանում մահից հետո «կրակի բաժին» դառնալ, այլ նախընտրում են հուղարկավորվել ավանդական ձևով՝ հողում։
Աղբյուրը նշում է, որ Անհոյի քաղաքներում այս արգելքին միանգամայն նորմալ են վերաբերվել, ինչը չի կարելի ասել գյուղերի մասին, որտեղ էլ գրանցվել է ինքնասպանությունների մեծ մասը։ Նշվում է, որ ինքնասպան եղածների մի մասը գրություն է թողել, որում տեղեկացրել է, որ կյանքից վաղաժամ հեռանալու պատճառը հրկիզման վերաբերյալ նոր օրենքն է։