Առողջապահություն Հասարակություն 

Հայաստանը մինչև մարտի վերջ կներմուծի դաբաղի դեմ նոր տեսակի պատվաստանյութ

Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ ծառայության պետի տեղակալ Նիոլայ Վլասովի գլխավորությամբ, հունվարի 26-ին երկօրյա այցով ժամանել է Հայաստան: Պատվիրակությունը հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հետ և քննարկել հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակը, մասնավորապես, կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դաբաղի կանխարգելմանն ուղղված քայլերը:

Այս համատեքստում կարևորվել է դաբաղի նոր տեսակի դեմ պայքարող պատվաստանյութի ձեռքբերման և հնարավորինս արագ պատվաստումներն իրականացնելու հարցը՝ հարևան երկրներում տարածված վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար: Բանակցություններն այս ուղղությամբ արդեն ավարտվել են, մրցույթն ամփոփվել է, և նոր պատվաստանյութը մինչև մարտ ամսվա վերջ կբերվի հանրապետություն: Նիկոլայ Վլասովը վերահաստատել է, որ ժամանակավոր արգելքը կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառում է, որը կիրառվում է միջազգային չափանիշներին համահունչ՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության սկզբունքներով, և որ այն չի սահմանափակում վերամշակված մսամթերքի և կաթնամթերքի արտահանումը ՌԴ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ուղղությունները, արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր, կողմերը նախանշել են համատեղ ծրագրերի ոլորտները:

Դաշնային ծառայության ներկայացուցիչներն այցելել են նաև «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ: ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրված տեխնիկական և ֆինանսական աջակցության համաձայնագրով գիտական այս կենտրոնի վերանորոգմանն ու վերազինմանը կուղղվի 5.8 մլն դոլար: ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության մասնագետներն այցի շրջանակներում գնահատել են ՊՈԱԿ-ի տեխնիկական հնարավորությունները, որի արդյունքում էլ կկազմվի հետագա աշխատանքային ծրագիրը: Ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագիրը կավարտվի 2017 թվականի վերջին:

Նույն շարքից