Հարցազրույց գլխավոր 

Ադրբեջանն է, թող փող ծախսի. Նարեկ Գալստյան

 Երեկ ԵԽԽՎ-ում Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» ընդունված զեկույցի հետ կապված Analitik.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ:

-Պարո՛ն Գալստյան, ի՞նչ եք կարծում, այս բանաձևի ընդունումն  ինչ-որ  ազդեցություն կունենա՞ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

-ԵԽԽՎ-ի կողմից ընդունված փաստաթղթերն իրավական ուժ չունեն: Այս փաստաթուղթը վերաբերում է Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին: Ադրբեջանն անդամակցում է Եվրոպայի խորհրդին ու ընդունում է նրա կողմից հաստատված փաստաթղթերը: Իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը չեն էլ ճանաչում այդ փաստաթղթի ջատագովները: Ստացվում է՝ այս փաստաթուղը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա:

Եթե այս փաստաթուղթն ունենա ազդեցություն, դա կլինի քարոզչական հարթակում: ԼՂՀ հարցի կարգավորման վրա ազդեցություն չի ունենա Մարկովիչի այս զեկույցը, քանի որ քարոզչությունն այս հարցի կարգավորման մեջ դերակատարում չունի: Դա մի հարց է, որը պիտի լուծվի հակամարտող կողմերի քաղաքական էլիտայի ու միջնորդ պետությունների կողմից:

- Հնարավո՞ր է, որ Ադրբեջանն օգտագործի այս զեկույցը՝ իր ռազմական գործողությունները լեգիտիմացնելու համար:

-Սրանք ընդամենը խորհրդատվական բնույթի փաստաթղթեր են: Դրանով կողմերից ոչ մեկը չի կարող մյուսին ինչ-որ բան ցույց տալ: Սա իրավական հիմք չէ Ադրբեջանի համար, որի արդյունքում պետք է  ինչ-որ գործողություններ իրականացվեն: Ադրբեջանը չի կարող այս փաստաթղթի միջոցով լեգիտիմացնել իր ռազմատենչ գործողությունները:

-Ի՞նք եք կարծում, ԵԽԽՎ-ում մեր ներկայացուցչական կազմը որքանո՞վ է կատարել իր առջև դրված պարտավորությունները:

-Այստեղ մի քանի հանգամանք պետք է առանձնացնել: Բայց ամեն դեպքում, պետք է նշել, որ այստեղ էական  դերակատարություն ունեն  երկրի քարոզչական հնարավորությունները: ԵԽԽՎ-ն վերածվել է քարոզչական մենամարտերի հարթակի: Ստացվում է, որ այդտեղ հարկավոր է օգտագործել քարոզչական միջոցներ: Ադրբեջանն օգտագործում է սա, բացի այդ՝ կաշառք է տալիս: Հարց է առաջանում. արժե՞ դիմել նման քայլերի այսպիսի արդյունքի հասնելու համար: Չեմ կարծում, որ եթե Հայաստանն այսպիսի փաստաթուղթ ունենա, ապա կկարողանա հիմնախնդրի կարգավորումը տանել մեր ուզած ճանապարհով: Ադրբեջանն է, թող փող ծախսի: Չարժե Ադրբեջանի պես այս գնով բանաձևեր կորզել ու անիմաստ փող ծախսել: Մեր պատվիրակների աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց, անշուշտ, պետք է ավելի շատ ու էֆեկտիվ աշխատել:

Նույն շարքից