Այսօր Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուրում էր նաև ՀՀ ոստիականապետ Վլադիմիր Գասպարյանը: Վազքի, հրմշտոցի և արագ քայլքի մեջ լրագրողները փորձեցին վերջինիս մի քանի հարց ուղղել, բայց ոստիկանապետը պատրաստակամ չէր լրագրողներին պատասխանելու հարցում:
«Խաղաղության մեջ ապրեք»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Հրմշտոցի մեջ այդ պահին անսպասելիորեն հայտնվեց մի կին, ով լրագրողներին հորդորեց, որ լռեն ու լսեն Վլադիմիր Գասպարյանին:
«Խնդրում եմ, աղաչում եմ, այսօր ոչ մի վատ բանի մասին չխոսի՝ ոչ մի ծնող, ոչ մեկը: Այսօր շնորհավորում ենք բանակի օրը, մեր տղաների օրը: Այսօր իմ ծննդյան օրն էլ է: Ես ծաղիկներ եմ նվեր ստացել, ծաղիկները տանում եմ դնեմ մեր քաջ տղաների շիրիմներին: Երանի էն մայրերին, որ իրենց զավակներից շուտ են մահացել», - ասաց վերոնշյալ կինը:
Սրանից հետո լրագրողները կրկին հարցով դիմեցին ոստիկանապետին: Հարցը վերաբերում էր ճանապարհային ոստիկանությունում առկա խնդիրներին: Այս հարցը, սակայն, ոստիկանապետին խիստ պարզունակ ու այս օրվա համար անտեղի թվաց:
Ի պատասխան այդ հարցին` ոստիկանապետն ասաց. «Պրիմիտիվ եք»։