Սիրելի’ հայրենակիցներ,
Հայոց բանակի հարգարժա’ն զինվորներ և սպաներ,
Ի սրտե շնորհավորում եմ այս հրաշալի տոնի` Հայոց բանակի 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Դարերի փորձով և պատմական առանձնահատկություններով պայմանավորված` հայ ժողովրդի համար ազգային բանակը կարևորագույն նշանակություն ունի: Հայոց զինված ուժերն են մեր հայրենիքի կապույտ երկնքի, քաղաքացու խաղաղ աշխատանքի միակ ու իրական երաշխավորը:
Հայոց բանակը ստեղծվեց փոթորկահույզ իրադարձությունների շրջափուլում, սակայն պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը` հաղթել պարտադրված պատերազմում: Ավելին` այս տարիների ընթացքում մենք հաջողությամբ կարողացանք կայացնել, ամրացնել և արհեստավարժ դարձնել հայկական զինված ուժերը: Դրա առարկայական արտահայտությունը վերջին տարիներին հայկական բանակի կողմից հակառակորդի սադրանքներին տրված համարժեք պատասխանն է: Կասկած անգամ չունեմ, որ նույն տոկունությամբ, քաջությամբ ու հպարտությամբ հայոց զինված ուժերը կշարունակեն կատարել հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու իրենց հանձնառությունը:
Կրկին շնորհավորելով բոլորիս այս փառապանծ տոնի առթիվ` առաջնահերթորեն մաղթում եմ անսասան խաղաղություն, իսկ մեր զինվորականությանը` անընկճելի կորով ու անսպառ արիություն` ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն հայ ժողովրդի: