Իրավական Քաղաքականություն 

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին և Հունգարիային ճանաչել է Սաֆարովի գործով պատասխանող կողմ

analitik.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունները ճանաչել է որպես պատասխանող կողմ արդբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում 2004 թվականին կացնահարված հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի գործով: Այդ մասին հայտնում է Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի կայքը:

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի և Հունգարիայի կառավարություններին պահանջել է պաշտոնապես պատասխանել Գուրգեն Մարգարյանի հարազատների հայցին: Մարգարյանի հարազատներին ներկայացնում է Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնը, «Legal Guide» հայկական ՀԿ-ն և Նազելի Վարդանյանը:

Ռամիլ Սաֆարովը և Գուրգեն Մարգարյանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող անգլերեն լեզվի դասընթացի Բուդապեշտում: 2004 թվականի փետրվարի 19-ին Սաֆարովը սպանել է Մարգարյանին կացինով: 2006 թվականի ապրիլին Սաֆարովը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ Բուդապեշտի դատարանի կողմից և դատապարտվել է ցմահ բանտարկության՝ 30 տարի անց պայմանական ազատ արձակման հնարավորությամբ:

2012 թվականի օգոստոսին Հունգարիայի արդարադատության նախարարությունը թույլ է տվել Սաֆարովին տեղափոխել Ադրբեջան և օգոստոսի 31-ին Ադրբեջան տեղափոխվելուց մի քանի ժամ անց Սաֆարովին ներում է շնորհվել Ադրբեջանի նախագահի կողմից և նա ազատ է արձակվել: Նրան շնորհվել է ութ տարվա աշխատավարձ և բնակարան, ինչպես նաև բարձրացվել է նրա ծառայողական աստիճանը:

Երկու երկրների կառավարություններից պահանջվում է ներկայացնել իրենց պատասխանները Ստրասբուրգի դատարանին մինչև մայիս: Դատարանը նաև հրավիրել է Հայաստանի կառավարությանը իր մեկնաբանությունները տրամադրելու՝ հաշվի առնելով Մարգարյանի ազգությունը:

Նույն շարքից