Հայաստան Քաղաքականություն 

Մեր զինվորներն անկոտրում են. Գառնիկ Իսագուլյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» ակումբը հյուրընկալել էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին: Բանախոսն անդրադարձավ հայոց բանակում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Ըստ բանախոսի՝ այսօր հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ հակասական է:

«Մենք այսօր լսում ենք քննադատություններ, որոնց մեջ կա հակակրանք մեր բանակի նկատմամբ: Շատ դեպքերում ձգտում ենք ուշադրություն չդարձնել դրանց վրա: Բայց քննադատությունները շարունակում են հնչել: Երբեմն սպաների կամ ինչ-որ զինվորականի մասին եղած բացասական կարծիքը հայելային անդրադարձով ազդում է նաև բանակի վրա: Սա սխալ է: Չի կարելի մեկի կամ մի քանիսի գործողություններով գնահատել ամբողջ բանակը: Անկախ երկրի սոցիալական ու տնտեսական վիճակից՝ հայը պետք է դրական կարծիք ունենա իր երկրի բանակի մասին»,- նշեց բանախոսը:

Իսագուլյանի կարծիքով հայրենասիրությունը մարդու մեջ պիտի սերմանվի մանուկ հասակից.

«Կամավորական ջոկատները մեր երկրում սկսեցին ձևավորվել դեռևս 1988 թվականից, իսկ 1989-ին Ղարաբաղում արդեն մեծ թվով ջոկատներ կային: 1988 -1994 թվականներին բոլորը վստահություն ունեին կամավորական ջոկատների նկատմամբ: Այդ տարիներին յուրաքանչյուր հայ երեխայի երազանքը ֆիդայի դառնալն էր: Իսկ այսօր հազվադեպ կգտնենք երեխայի, ով կցանկանա կամավոր դառնալ կամ ծառայել բանակում: Ում հարցնում ես՝ ինչ ես դառնալու, ասում է՝ գործարար, նախագահ կամ գեներալ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Բանախոսը նշեց, որ բանակի ամրության ու սահմանի անառիկության հարցում մեծ դերակատարություն ունի զինվորի բարոյահոգեբանական պատրաստվածությունը: Իսկ մեր տղաները, ըստ պարոն Իսագուլյանի, այդ հարցում չեն թերանում:

«Սահմանում կանգնած երիտասարդները գուցե առաջին շաբաթների ընթացքում որոշակի խնդիրներ են ունենում իրենց մեջ, բայց հետո բանակն ու սահմանը դառնում է իրենց տունը: Երբ զինվորներին հարցնում ենք, թե ինչ են զգում՝ իմանալով, որ իրենցից 50 մետր հեռավորությամբ կանգնած է հակառակորդը, նրանք ասում են, որ որևէ խնդիր չեն տեսնում դրանում. պատրաստ են պայքարել հանուն հայրենիքի: Ցավալի է, իհարկե, երբ մենք ունենում ենք կորուստներ: Բայց նույնիսկ դա չի կոտրում առաջին գծում կանգնած մեր զինվորին: Մեր զինվորներն անկոտրում են»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Այս տարի լրանում է ԼՂՀ անկախության 25 ամյակը: Հենց այս առիթով Իսագուլյանն առաջարկեց հայտարարել ԼՂՀ տարի և բոլոր հայերին համախմբել մի նպատակի շուրջ՝ օգնել, որպեսզի առաջին գծում կանգնող մեր զինվորների ծառայությունը հնարավորինս անվտանգ անցնի: Analitik-ի թղթակիցը հարց ուղղեց բանախոսին՝ փորձելով հստակեցնել, թե ո՞րն է ամենամեծ խնդիրը, որն այսօր ծառացած է հայոց բանակի առաջ:

«Ամենամեծ խնդիրն այն է, որ սահմանում մեր պաշտպանական համակարգը այնպիսին է, որ վտանգում է մեր տղաների կյանքը: Շփման գծում պետք է ստեղծվի այնպիսի համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի հնարավորինս անվտանգ դարձնել մեր տղաներից յուրաքանչյուրի կյանքը: Այս համակարգի ստեղծումն, իհարկե, բավականին մեծ ծախսերի հետ է կապված: Բայց առաջին դիրքում կանգնած զինվորը պետք է զգա, որ իր թիկունքում բոլորը մտածում են իր համար: Սա կլինի ամենակարևորը մեր զինվորների համար: Մենք պետք է կարողանանք լուծել բոլոր խնդիրները, որոնք կան պաշտպանական համակարգում՝ ստեղծելով այնպիսի համակարգ, որը մինիմումի կհասցնի զոհերի թիվը կամ ընդհանրապես վերացնի: Այս առումով օրինակելի է Իսրայելի բանակի ոճը: Եթե մեզանից ամեն մեկն իր լուման ներդնի, ապա կկարողանանք հաղթահարել այս խնդիրը: Մեր երկրում հաճախ կազմակերպվում են միջոցառումներ, որոնց համար ծախսվում են ահռելի գումարներ: Այդ գումարները կարելի էր ուղղել մեր պաշտպանական դիրքերն ավելի ամրացնելու ու ապահով դարձնելու հայրենանվեր գործին: Եթե մեր մեծահարուստները հրաժարվեն որոշ ճոխություններից ու գումար ներդնեն, հավատացե՛ք, այդ պաշտպանական համակարգը կկարողանանք ստեղծել: Նշեմ, որ նախարարն արդեն հանդիպումներ է անցկացնում գիտնականների հետ. դիտարկվում են այդ համակարգի տարբեր տեսակների արդյունավետությունն ու հնարավորությունները և առաջիկայում նախատեսվում է ստեղծել այդ համակարգը»,- եզրափակեց բանախոսը:

Նույն շարքից