Մարդկային ստվերը հնուց ի վեր մոգական ուժ է ունեցել։ Շատ ազգեր հավատացել են, որ մարդու ստվերը իր երկրորդ ես ն է, հոգու արտացոլանքը։ Սլավոնական ժողովուրդները ստվերը համարել են դիցաբանական կերպար, քանի որ ենթադրել են, որ այն մարդուց կարող է տարանջատվել և իրեն դժբախտություն բերել, ընդհուպ մինչև մահը։
Համաձայն դիցաբանության՝ մարդու թշնամին կարող է ստվերի վրա կանգնել և դժոխային, անեծքով լի խոսքեր ասել, ապա վնասել հենց ստվերի տիրոջը և անգամ սպանել նրան, որովհետև ստվերը անքակտելիորեն կապված է տիրոջը։ Հատկապես սլավոնական ժողովուրդների մոտ ստվերը ասոցացվում է մահացածների և վհուկների հետ։
Բուլղարական ավանդության համաձայն՝ Աստված դևին ստեղծել է իր իսկ ստվերից։ Նրանք հավատում են, որ եթե հարվածես կախարդին կամ վհուկին, նրանք ցավ չեն զգա, իսկ եթե նրանց ստվերին փորձես հարվածել, ապա հնարավոր է, որ վնասես կամ ոչնչացնես նրանց մարգարեական ունակությունները։
Իսկ սերբերը կարծում են, որ մարդու ստվերի հետ խաղ անել չի կարելի, քանի որ ստվերը կարող է թափանցել մարդու ուղեղ և մթագնել այն։ Այդ իսկ պատճառով սերբերը մանկուց իրենց երեխաներին արգելում են դրա հետ խաղ անել, և առավել ևս հարվածել, ոտքով խփել։
Իռլանդացիները նույնպես նույն հավատքն ունեն, որ չպետք է հարվածել ստվերին, քանի որ կարծում են, որ անհաջողության հետ է կապված։
Սլավոնական ազգերի մոտ ոչ պակաս սնահավատություններ կարելի է հանդիպել։ Ռուսները, մասնավորապես, հավատում են, որ մարդու ստվերը մահվանից առաջ լքում է նրան, որից հետո թափառում է ամբողջ աշխարհով մեկ և հանգիստ չի գտնում։
Բելառուսցիները մինչ օրս հավատում են, որ եթե հնարավոր լիներ մարդու ստվերը կապկպել, ապա հիվանդություն և անեծք մարդու միջից կհեռանար։