Հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ-ում, իր ելույթի ժամանակ ընդգծել է Եվրոպայի խորհրդի համընդհանուր արժեքների պահպանման ձգտումը տվյալ կառույցի կողմից:
«Ակնհայտ է, որ դինամիկ քաղաքացիական հասարակությունը մեծ նշանակություն ունի ժողովրդավարական պետության համար և հիմնարար իրավունքների առումով, մասնավորապես` խոսքի ազատությունը և հավաքների անցկացման իրավունքը կարևոր են հասարակության պատշաճ գործունեության համար: Այս առումով, իրավիճակը մի շարք երկրներում, հատկապես՝ հարևան Ադրբեջանում` կապված մարդու իրավունքների պաշտպանների ազատազրկման հետ, առավել քան մտահոգիչ է», - ընդգծել է հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Իր ելույթում Ֆարմանյանն ընդգծել է, որ մեր տարածաշրջանում առավել քան կարևորվում է միջազգային իրավապաշտպան ՀԿ-ների աշխատանքը, որը խոչընդոտվում է Ադրբեջանի կառավարության կողմից:
«Ավելի պարզ արտահայտվելով` կարող եմ նշել, որ անվտանգությունը մեր տարածաշրջանում առավել քան կարևոր է, քանի որ գտնվում ենք այնպիսի մի իրավիճակում, երբ հարևան Ադրբեջանում մարդասպան Ռամիլ Սաֆարովը կարող է հերոս դառնալ, իսկ նոր սերնդի ներկայացուցիչները, ովքեր խոսում են խաղաղության մասին, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ, համարվում են «Ադրբեջանի դավաճաններ, ովքեր լրտեսում են Հայաստանի համար»», - մեկնաբանել է Ֆարմանյանը:
«Իրավիճակը կտրուկ վատացել է Ադրբեջանում, ինչը մտահոգության առիթ է տալիս Հայաստանի համար: Մարդու իրավունքների պաշտպաններն իրենք են ճնշման թիրախ դառնում, դա ահաբեկող կոչ է հնչեցնում մյուս երկրների համար», - նկատեց Սամվել Ֆարմանյանը։