Հայաստան Քաղաքական 

Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ Բաղդադում

Հունվարի 26-ին Բաղդադում մեկնարկեց հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որը համանախագահում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Զեյդանը։

Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի, առողջապահության, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ։

Հանդիպումների օրակարգում ընդգրկված են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր։

Նիստի ընթացքում կողմերը հատուկ ընդգծեցին վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի միջև բազմաթիվ բնագավառներում և հատկապես առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվությունը և ապրանքաշրջանառության նկատելի աճը։ Աշխատանքային խմբերը քննարկեցին համագործակցության խորացման և նոր ուղիների որոնման հարցեր։

Այցի շրջանակներում նախարար Երիցյանը հանդիպում ունեցավ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ և նրան փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները Իրաքի եղբայրական ժողովրդին։ Նախարարը նշեց, որ Հայաստանի և Իրաքի ժողովուրդներն ունեն բազմաթիվ պատմական ընդհանրություններ, դարեր շարունակ կողք կողքի են ապրել միևնույն միջավայրում, և ՀՀ իշխանությունները հանձնառու են ամենայն կերպ ամրապնդել բարեկամությունը և նպաստել երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը։
Ընդգծվեց երկու երկրների միջև օդային ուղիղ կապ ունենալու և դրան զուգահեռ նաև ցամաքային հաղորդակցության ուղիների զարգացնելու կարևորությունը, ինչպես նաև գործարար շփումներն ընդլայնելու անհրաժեշտությունը։

Նախագահ Մասումը, իր հերթին, ողջույններ ու բարեմաղթանքներ փոխանցեց ՀՀ Նախագահին և հայ ժողովրդին։ Նրա կողմից հատուկ ընդգծվեց հայության ներկայությունը Իրաքում և նրանց մասնակցությունն ու ունեցած նպաստը երկրի զարգացման գործում։ Նախագահը նշեց, որ հայության ներկայությունը Իրաքում ունի հարյուրամյակների պատմություն, երկրի բազմաթիվ բնակավայրերում կարելի է գտնել հայկական հետք, իսկ համայնքին հուզող արդի հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց իրաքյան իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերած աջակցության համար։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հանդիպումները Բաղդադում

Հունվարի 27-ին եզրափակիչ արձանագրության ստորագրությամբ Բաղդադում իր աշխատանքներն ավարտեց հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։

Արձանագրությունում ամփոփված են երկու երկրների տնտեսական և հումանիտար բնագավառներում մոտակա տարիների համագործակցության հեռանկարները։

Իրաք այցելության ընթացքում հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արմեն Երիցյանը հունվարի 27-ին հանդիպում ունեցավ Իրաքի վարչապետ Հեյդար Աբադիի հետ, որի ընթացքում վերջինիս են փոխանցվել ՀՀ նախագահի և վարապետի ողջույնները, ինչպես նաև Հայաստանի կառավարության աջակցությունը ահաբեկչության դեմ Իրաքի պայքարին։ Արմեն Երիցյանը հայտնել է ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը Իրաքի հետ բոլոր ոլորտներում հարաբերություններն ամրապնդելու և ընդլայնելու վերաբերյալ և ներկայացրել առկա դրական առաջընթացի բարձր տեմպերը պահպանելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում Իրաքի վարչապետը նշել է, որ նավթի գների անկման արդյունքում կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում նոր ոլորտներում օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության զարգացմանը՝ կարևոր տեղ հատկացնելով Հայաստանին։ Վարչապետը իր քաջատեղյակությունն է ցուցադրել իրաքահայության խնդիրների վերաբերյալ և հատուկ նշել հայ համայնքի դրական դերակատարությունը երկրի զարգացման գործում։ Հեյդար Աբադին հայտարարել է, որ Իրաքի կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում ազգային ու կրոնական փոքրամասնությունների խնդիրները և նրանց շրջանում արտագաղթը կանխելու նպատակով ձգտում է ստեղծել նպաստավոր կենսական պայմաններ։

Հանդիպման վերջում վարչապետ Աբադին իր ջերմ ողջույններ է փոխանցել ՀՀ նախագահին, լավագույն մաղթանքները հղել Հայաստանի ժողովրդին։

Նույն օրը Արմեն Երիցյանը հանդիպում է ունեցել նաև Իրաքի առևտրի նախարար Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի և տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբր ալ-Զուբաիդիի հետ։

Նույն շարքից