Հայաստան Քաղաքական Միջազգային գլխավոր 

Թուրքիայի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում 100% կողմ չի քվեարկել. Արագած Ախոյան

Այսօր «Անալիտիկ» ակումբը հյուրընկալել էր Աժ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանին: Ասուլիսի թեման ԵԽԽՎ-ում ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» հակահայկական զեկույցն էր:

Ախոյանն ասաց, որ հայկական որոշ լրատվամիջոցներ սխալ են լուսաբանել ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները:

«Որոշ հայկական լրատվամիջոցներ գրեցին, որ հակահայկական զեկույցին կողմ 100 տոկոս քվեարկեցին Վրաստանը, Սերբիան, Ադրբեջանը, Թուրքիան, բայց դա այդպես չէ: Թուրքիայից 3 ձայն կողմ չի քվեարկել. Մեկը չքվեարկեց, երկուսը ձեռնպահ մնացին: Թուրքական մամուլը գրեց, որ թուրքական պատվիրակության մեջ պառակտում է եղել: 3 հոգին 1/6 մասն է կազմում:

Թուրքիայում կան քաղաքական գործիչներ, ովքեր իրենց ուսերին մեծ պատասխանատվություն են վերցրել: Մեծ հիացմունքով պիտի խոսեմ Սելինե Դողանի ու Կորո Պալյանի մասին: Նրանք ամեն հարմար առիթով խոսում են Հայկական հարցի մասին»,- ասաց Արագած Ախոյանը:

Բանախոսն անդրադառձավ նաև այն հանգամանքին, որ մեր ներքաղաքական խնդիրները որոշ քաղաքական գործիչներ տանում են ԵԽԽՎ նիստերի դահլիճ:

«Երկիրը ընտանիք է: Ընտանիքի կեղտոտ լվացքը փողոցում չեն փռում: Դա թշնամու ջրաղացին ջուր լցնելու պրոցես է: Բայց, մյուս կողմից, աշխարհը տեսնում է, որ մեր երկիրն Ադրբեջանի պես բռնապետական երկիր չէ: Այսինքն՝ այդպիսի բաներ ասողները մեր երկրում չեն բանտարկվում ու ճնշումների չեն ենթարկվում»,- ասաց բանախոսը:

Ասուլիսի վերջում բանախոսը խոսեց նաև իր քաղաքական գործունեության մասին:

«Մյուս խորհրդարանական ընտրություններին կմասնակցեմ, թե չէ, դեռ հստակ չէ: Քաղաքական ցնցումներ եղել են անցած տարի, ինչպես տեսաք: Ամեն մարդ պիտի կարողանա իրեն ճիշտ կշռել: Եթե ժողովուրդը կորոշի, որ իմ անձը պետք կգա քաղաքականության մեջ, ապա ես կմասնակցեմ ընտրություններին, հակառակ դեպքում՝ ես սիրով իմ տեղը կզիջեմ նրան, ով ավելի լավ կաշխատի հանուն հայենիքի», - եզրափակեց բանախոսը:

Նույն շարքից