Հայաստան Քաղաքական Միջազգային 

Ուոլթերը Թուրքիայի թանկարժեք քաղաքներից մեկում՝ Բոդրումում, տուն է նվեր ստացել. Արագած Ախոյան

Այսօր «Անալիտիկ» ակումբը հյուրընկալել էր Աժ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանին:

Ասուլիսի թեման ԵԽԽՎ-ում ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» հակահայկական զեկույցն էր:

Անդրադառնալով վերոնշյալ բանաձևին՝ բանախոսը նշեց. «Դա քաղաքական պատվեր էր Ադրբեջանի կողմից: Ցավոք, դանակն արդեն ոսկորին էր հասել, ու բանաձևն ընդունվեց: Դա գումարի ու կաշառքի միջոցով արված որոշում էր: Ուղղակի հրաշքով չընդունվեց մյուս բանաձևը, որի վերնագիրն անգամ պիտակ էր: Սա կաշառքի ու ստի վրա հենված դիվանագիտության արդյունք էր:

Դրան անդրադարձան նաև որոշ թուրքական թերթեր: Դրանցում մանրամասնորեն նշված է, թե ով է Ուոլթերը, ինչ նվերներ է ստացել Թուրքիայից… Հատկապես կուզենամ առանձնացնել մի փաստ. Ուոլթերը Թուրքիայի թանկարժեք քաղաքներից մեկում՝ Բոդրումում, տուն է նվեր ստացել: Ամեն ինչ ասված է դրանով»:

Անդրադառնալով հայկական կողմի իրականացրած լոբբինգին՝ բանախոսը նշեց. «Հայաստանը թրերով տանկերի դեմ էր ելել: Մերոնց աշխատանքը բարձր եմ գնահատում: Մանավանդ վերջին ամիսներին հսկայածավալ աշխատանք կատարվեց: Սա օբյեկտիվ գնահատական է: Չեմ կարող չանդրադառնալ նրան, որ մենք էլ մեր բաժին մեղքն ունենք: Քննադատում ենք մեր պատվիրակներին այստեղից:

Բանակցություններ վարողի համար դժվար է, երբ նրա հետևից այսպես խոսում են: Ես այն կարծիքին եմ, որ այս զեկույցը որ ընդունվեց, այնքան էլ մեծ վտանգ չի պարունակում: Ավելին, մենք կարող ենք միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախը պատրաստ է բանակցությունների, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Թող ադրբեջանցիները գան բանակցեն, պայմանավորվեն ջրային ռեսուրսների հետ կապված: Պետք է հաշվի առնել այն փաստը, որ եթե շատ ջուր բաց թողնվի, խնդիրներ կարող են առաջանալ՝ գյուղեր կմնան ջրի տակ:

Մենք այստեղ մեր օգուտն էլ ունենք, քանի որ ադրբեջանցիները այս պարագայում պիտի հաշվի նստեն ԼՂՀ ինքնորոշման փաստի հետ: Բացի այդ՝ կուզենայի նշել, որ մեզ դիտարկում են որպես ռուսամետ երկիր: Հայաստանը տնտեսապես կապված է Ռուսաստանից: Իսկ թե դա ինչ ազդեցություն ունեցավ դա հայկական կողմի վրա, դրա մասին ավելի լավ կխոսեն մեր պատվիրակության անդամները, երբ վերադառնան»:

Նույն շարքից