Մերի Մարգարյանի գործով տուժողի իրավահաջորդի պաշտպան Մարինե Թովմասյանը կարծում է, որ կասկածյալ Շուշանիկ Բախշյանի՝ հիվանդ լինելու վարկածը կասկածելի է:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հունվարի 23-ին ապօրինի էր համարել ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ կասկածվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը և պնդել, որ Բախշյանը պետք է ազատ արձակվի: Դրանից հետո բժշկուհուն հիվանդանոց էին տեղափոխել. նրա ինքնազգացողությունը վատացել էր:
Analitik.am-ի հետ զրույցում Մարինե Թովմասյանը նշեց, որ Մերի Մարգարյանի հարազատները վստահ են, որ Շուշանիկ Բախշյանն առողջական խնդիրների չունի, պարզապես այս կերպ նրա փաստաբանները ջանում են ժամանակ շահել:
«Բախշյանը խուսափում է կատարվելիք իրադարձություններից: Այժմ նա գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Ըստ դիագնոզի՝ նա չի կարող մասնակցել դատավարությունների: Բայց ասում են՝ նա գրիպով է հիվանդ:
Հայաստանի բնակիչների կեսը գրիպով հիվանդ է, և հարց է առաջանում. այդ ի՞նչ տեսակի գրիպով է հիվանդ նա, որ չի կարող մասնակցել դատավարություններին: Մենք պահանջել ենք, որ Բախշյանի ախտորոշումը ստուգվի:
Մերիի հարազատները չեն հավատում, որ նա հիվանդ է: Ախտորոշման արդյունքները կստուգվեն: Մենք կհետևենք, որ կեղծիքներ չլինեն: Իսկ թե արդյունքների մասին երբ կիմանանք, դեռևս հստակ ասել չեմ կարող: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ժամանակը ցույց կտա»,- ասաց Մարինե Թովմասյանը: