Հասարակություն 

2015 թվականին Թուրքիայի զբոսաշրջիկության ոլորտի եկամուտները նվազել են 8.3 տոկոսով

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականին արտաքին զբոսաշրջությունից Թուրքիայի եկամուտները նվազել են 8.3 տոկոսով և կազմել են 31.46 միլիարդ դոլար։ Նախորդ տարվա վերջին եռամսյակին անկումը կազմել է 14.3 տոկոս, իսկ եկամուտը նվազել է մինչև 6.57 միլիարդ դոլար։

Դա տեղի է ունեցել Ռուսաստանից ու Եվրոպայից զբոսաշրջիկների ներհոսքի պակասի պատճառով։ Այդ մասին վկայել են Թուրքիայի վիճակագրական վարչության տվյալները։ Թուրքիայում կարևոր են համարվում զբոսաշրջությունից ստացվող եկամուտները, որոնք կազմում են ՀՆԱ-ի 4.5 տոկոսը։

Օտարազգիներին է բաժին ընկել զբոսաշրջությունից ստացված եկամուտների 81.3 տոկոսը, մնացյալ 18.7 տոկոսը բաժին է ընկել արտասահմանաբնակ Թուրքիայի քաղաքացիներին։ Թուրքիա ժամանող զբոսաշրջիկի ծախսած միջին գումարը կազմում է 756 դոլար (715 դոլար օտարազգիների, 970 դոլար արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների դեպքում)։

2015 թվականին Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը 2014 թվականի համեմատ նվազել է 18.6 տոկոսով և կազմել է 3.65 միլիոն մարդ։ Ընդհանուր առմամբ, նախորդ տարի Թուրքիա այցելել է 36.24 միլիոն օտարազգի զբոսաշրջիկ, ինչը 1.6 տոկոսով պակաս է 2014 թվականի համեմատությամբ։

Նույն շարքից