Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզն ու Թեհրանը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցի ընթացքում ստորագրել են 20 համաձայնագիր, որոնք հստակեցնում են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը։ Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը։
Total նավթագազային ընկերությունը համաձայնագիր է ստորագրել իրանական NIOC ընկերության հետ, որն առնչվում է Իրանից հում նավթ գնելուն։
Airbus ընկերությունը 118 մարդատար օդանավեր վաճառելու շուրջ համաձայնագիր է ստորագրել Iran Air ավիաընկերության հետ։ Բացի այդ, Իրանի իշխանություններն ավիացիոն ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել Airbus-ի հետ։
Vinci ընկերությունն իր հերթին համաձայնագիր է ստորագրել Իրանի Սպահան ու Մեշհեդ քաղաքների օդանավակայանների նոր տերմինալների կառուցման ու շահագործման մասին, իսկ Bouygues ընկերությունը նման համաձայնագիր է ստորագրել Թեհրանում Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի նոր տերմինալի վերաբերյալ։
Կնքված գործարքների ողջ արժեքը հայտնի չէ։ Ավելի վաղ աղբյուրները հայտնել են, որ խոսքը 15 միլիարդ եվրոյի մասին է։