Հայաստան Հասարակություն Իրավական գլխավոր 

Ավետիսյանների հարազատները հաջորդ դատական նիստին անպայման կգան. Փաստաբան

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական նիստը: Այսօրվա նիստում նախատեսված էր Ավետիսյանների դուստրեր Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի և փեսայի՝ Եգոր Ադամյանի հարցաքննությունը: Բայց այս անգամ էլ Ավետիսյանների դուստրեր Լուսինե Ավետիսյանն ու Անահիտ Կոշտոյանը ասացին, որ իրենց վատ են զգում, և միջնորդեցին դատարանին հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ իրենք չեն հավատում, որ Պերմյակովը միայնակ է սպանել Ավետիսյաններին։

Այնուամենայնիվ, այս դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին այլ վկաներ, որոնց կողմից տրված ինֆորմացիան շատ կարևոր էր տվյալ քրեական գործի վարույթի համար:

Այս մասին մեզ հաղորդեց Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը: «Այսօր շատ կարևոր վկաներ հարցաքննվեցին: Մասնավորապես՝ կուզենայի առանձնացնել հրամանատարական կազմին: Վերջիններիս տված ցուցմունքներն էական նշանակություն ունեն: Բայց դեռ էլի որոշ հրամանատարներ ու զինակիցներ պիտի հարցաքննվեն: Քննարկվեցին հարցեր այն մասին, թե մեր երկիր ուղարկվելիս ի՞նչ պայմաններ են հաշվի առնում զինվեորին ընտրելիս և արդյո՞ք այդ պայմանները կարևորվել են Պերմյակովի պարագայում: Պերմյակովի հրամանատարի պաշտոնակատարն էլ որոշակի ինֆորմացիա հաղորդեց, բայց դա միջնորդավորված կերպով ստացված ինֆորմացիա էր, այսինքն՝ վերջինս անմիջական առնչություն չի ունեցել Պերմյակովի հետ: Դատավճռի մասին խոսելով՝ կարծում եմ, որ Պերմյակովը կդատապարտվի ցմահ ազատազրկման: Անդադառնալով Ավետիսյանների հարազատներին՝ պիտի ասեմ, որ վերջիններս հետևողական են այս գործի նկատմամբ: Նրանց հարազատներից ոմանք նույնիսկ Ռուսաստանից են գալիս: Այսօրվա դատական նիստին գալ չէին կարողացել, բայց հաջորդին անպայման կգան: Նրանք բոլորը հետևողական են լինելու, որ այն անձը, ով կատարել է այդ հանցագործությունը, ստանա իր արժանի պատիժը», - ասաց Լուսինե Սահակյանը:

Նույն շարքից