Այսօր «Անալիտիկ» ակումբը հյուրընկալել էր ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին: Բանախոսը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցի պատճառներին և հետևանքներին:
«ԵԽԽՎ-ում այդ տրամադրությունները վաղուց կային: Կան քաղաքական, միջազգային խնդիրներ, որոնք ազդում են ԵԽԽՎ մթնոլորտի վրա: Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» ազդեցությունը ևս այս պարագայում շատ մեծ էր: Այս մթնոլորտը նոր չէ, որ ձևավորվել է: Եվրամիության հետ հարաբերություններն էլ էին այս դեպքում կարևոր: Չմոռանանք՝ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, և հարաբերությունները Եվրամիության հետ այնպես չեն, ինչպես առաջ էր»,- ասաց պատգամավորը:
Խոսելով հակահայկական զեկույցների մասին Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ դրանք կարող են կարծիք ձևավորել, բայց, այդուհանդերձ, իրավական ուժ չունեն:
«Ինչպես բազմիցս նշվել է, սրանք կարծիքներ ձևավորող փաստաթղթեր են: Այնուամենայնիվ, այդ կարծիքների դեմ էլ պիտի կարողանանք պայքարել: Բոլոր դեպքերում սա մեզ համար դեղին քարտ է. մեր պատվիրակները, դիվանագետները պիտի ավելի լավ աշխատեն: Այդպիսի կառույցներում ձևավորվող կարծիքների 20-30 տոկոսը կախված է նաև արտաքին քաղաքականությունից և դիվանագիտությունից»,- ասաց Ալեքսանյանը:
Անդրադառնալով Հայաստանի պատվիրակության անդամներին՝ բանախոսը նշեց. «Ես կարծում եմ՝ մեր պատվիրակության անդամները բավականին լավ էին պատրաստվել ու իրենց պարտականությունները լավ գիտեն: Բայց, այդուամենայնիվ, մեր պատվիրակներն էլ, արտաքին քաղաքական խողովակներն էլ պիտի ավելի լավ աշխատեն, պիտի կարողանան ճիշտ կարծիք տեղծել այսպիսի կառույցներում»:
Նրա խոսքով՝ խնդիրը միայն պատվիրակության աշխատանքի մեջ չէ, պետք է ուժերն ավելի կենտրոնացնել:
«Միգուցե կան բաներ, որ մեր պատվիրակների աչքից վրիպել են, ես դա չեմ բացառում: Օրինակ՝ Վրաստանը մեր բարեկամ երկիրն է համարվում, բայց քվեարկել է այնպես, որ Ադրբեջանին, այսպես ասած, ռևերանս անի: Չեմ բացառում, որ կան խնդիրներ, որոնք կարելի էր կանխել, բայց կան բաներ, որ միանգամից, տեղում են ի հայտ գալիս: ԵԽԽՎ-ն այնպիսի կառույց է որտեղ քաղաքական վերլուծություններով առաջնորդվելը միշտ չէ, որ էֆեկտիվ է լինում»,- նշեց բանախոսը:
Պատգամավորի կարծիքով՝ Մինսկի խմբի կարծիքը ևս մեծ նշանակություն ունեցավ՝ հօգուտ Հայաստանի:
«Կան մասնագետներ, ովքեր պնդում են, որ Միլիցա Մարկովիչի զեկույցը կարելի է օգտագործել նաև հօգուտ Հայաստանի: Բոլոր բացասական երևույթներն էլ խելոք մարդիկ կարողանում են օգտագործել հօգուտ իրեց: Եթե ԵԽԽՎ-ի անդամները գան Արցախ, տեսնեն մեր ջրամբարը, հասկանան, թե իրավիճակն ինչպիսին է, կնկատեն, որ այս դեպքում մեղքի բաժինն Ադրբեջանինն է, որ թե մերը:
Հայկական կողմը պիտի այնպես անի, որ բանակցությունների ոլորտ մտնի նաև Արցախը: Դա մեծ հաղթանակ կլինի. կսկսվեն Ղարաբաղ-Ադրբեջան քննարկումներն ու բանակցությունները,-ասաց նա և ավլեցրեց, որ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները պետք է գան Արցախ այս բանաձևի ընդունումից հետո,- եթե չգան էլ, դա ևս կարող է հօգուտ Հայաստանի օգտագործվել»:
Ասուլիսի վերջում Լեռնիկ Ալեքսանյանն անդրադարձավ նաև հայ –իրանական հարաբերություննեին: Ինչպես հայտնի է, Իրանը վերջապես ազատվել է պատժամիջոցներից, և մեր երկրի ու Իրանի փոխգործակցույունն, ամենայն հավանականությամբ, ավելի կակտիվանա:
Բանախոսը նշեց, որ մեր երկրի հարաբերություններն Իրանի հետ այժմ էլ լավ են, բայց կարող են ավելի խորանալ, իսկ բարեկամական կապերը՝ ամրանալ:
«Մենք հիմա Իրանի հետ ոչ մի կոնֆլիկտ չունենք: Մեր հարաբերություններն այդ երկրի հետ զարգանում են սահուն կերպով: Հիշում ենք Ավարայրի ճակատամարտի մասին էլ, որոշակի փոքր խնդիրների մասին էլ, բայց մինչև այսօր մեր հարաբերությունները մնում են գործընկերային, ջերմ ու բարեկամական: Մեր տնտեսական ու քաղաքական հարաբերություններն էլ մոտ ապագայում պիտի ավելի ամրացնենք», - եզրափակեց բանախոսը: