Հասարակություն 

Գյումրիում 2 մարդ թունավորվել է տնային պայմաններում պատրաստված պահածոյից

analitik.am

Գյումրիում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառ են հանդիսացել տնային պայմաններում պահածոյացված սմբուկի խավիարի կամ մարինացված կանաչ պղպեղի օգտագործումը սննդում: Օգտագործումից մեկ օր անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` սրտխառնոց, փսխում, շնչահեղձություն, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բուժում և հակաբոտուլինային շիճուկ: Ներկայումս հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բուժումը շարունակվում է:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

• խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

• մի գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի:

Նույն շարքից