Հայաստան Քաղաքական 

Համաձայն չեմ, որ բոլորի ուշքը գնում է իշխանության համար. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն դիտարկմանը, թե իշխանության հետ համագործակցելը գուցե ինչ-որ տեղ վարկանիշի անկում է ենթադրում: «Վարկանիշը սոցիալ-հոգեբանական երևույթ է. տարբեր մարդիկ վարկանիշների վերաբերյալ կարող են ունենալ տարբեր կարծիքներ»,- ասաց փոխխոսնակը:

Նա ասաց, որ համամիտ չէ Արմեն Ռուստամյանի գնահատականների հետ, բայց նաև այն կարծիքին չէ, որ «բոլորի ուշքը գնում է» իշխանության համար:

«Բայց, միևնույն ժամանակ, բոլորի ուշքը չի գնում ընդդիմության համար: Եվ այդ իմաստով` մեր երկրում կան խնդիրներ, և Հանրապետականը չի գնում` պրիմիտիվ խնդիրներ լուծելու, չի գնում` պրիմիտիվ եզրույթներ օգտագործելու կամ ասելու: Այսինքն՝ զգացմունքային չէ խնդիրը, խնդիրը խորքային է, և Հանրապետականն իր սկզբնավորման առաջին իսկ օրվանից մշտապես առաջնորդվել է պետության գերակայությամբ: Միշտ ստացվել է կամ չի ստացվել, դա այլ հարց է, բայց որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես ունեցել է նպատակ` ծառայել հայրենիքին, ծառայել պետությանը, քաղաքացուն, դա փաստ է: Բնականաբար, եղել են նաև թերություններ, բայց այն, որ ՀՀԿ-ն այսօր էլ Հայաստանի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ և ամենամեծ ռեսուրսն ունեցող քաղաքական ուժն է, իր բոլոր թերություններով հանդերձ, փաստ է: Այն, որ այս հարցում տարբեր քաղաքական ուժեր կարող են ունենալ տարբեր կարծիքներ, սա էլ բնական է. մեզ մոտ բազմակարծություն է, և ես չեմ ուզում հիմա ասել` ըստ իս՝ ով վարկանիշ ունի, ով վարկանիշ չունի»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Շարմազանովը հավելեց, որ քաղաքական կուսակցությունների արդյունավետությունը երևում է ընտրություններում:

Նույն շարքից