Մեծ Բրիտանիայում 5-ամյա աղջիկը խանութ է ուղարկել մի նամակ և 2 ֆունտ ստեռլինգ՝ որպես փոխհատուցում տոնածառի կոտրված խաղալիքի համար, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին։
Ինչպես պատմել են Քեմբրիջի John Lewis ցանցի խանութում, երեխայի նամակում գրված է եղել. «Կներեք, ես կոտրել եմ տոնածառի խաղալիքը։ Այն արժեր 2 ֆունտ։ Ահա գումարը։ Եվս մեկ անգամ կներեք։ Ֆեյթ, 5 տարեկան»։ Գումարը կպչուն ժապավենով ամրացված է եղել նամակին։
Խանութի ներկայացուցիչների խոսքով` հանգստյան օրերին առևտրային սրահում հաճախորդների մեծ հոսք է լինում, այդ պատճառով էլ տոնածառի կոտրված խաղալիքները շատ են եղել, և հիմա անհնար է պարզել, թե հատկապես որ խաղալիքն է կոտրել աղջիկը։
John Lewis-ի աշխատակիցները հայտարարել են, որ զգացված են աղջկա նամակից, և հույս են հայտնել, որ իրենց կհաջողվի գտնել նրան։
Twitter-ի օգտատերերը միացել են Ֆեյթին փնտրելու արշավին։ Եթե աղջիկը գտնվի, խանութը խոստացել է նրան որևէ բան նվիրել։