Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

ՏԿԱԻ փոխնախարարն ընդունեց ԵՆԲ պատվիրակությանը

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը փետրվարի 1-ին ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ բանկի վարկային հատվածի ավագ պատասխանատու Վիոլեն Սիլվեստրոյի գլխավորությամբ:

Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում է աջակցել ՀՀ կառավարությանը՝
մասնակցելով Ասիական զարգացման բանկի (հիմնական դպրոցներ) և Համաշխարհային բանկի (ավագ դպրոցներ) ծրագրերին, որոնք ուղղված են Հայաստանում դպրոցների վերակառուցմանն ու սեյսմակայունության բարձր չափանիշներին համապատասխան նոր դպրոցների կառուցմանը: ՏԿԱԻՆ այցելության նպատակն էր ճշտել այս հարցերում ՀՀ կառավարության հետաքրքրության շրջանակը և ճշգրտել հետագա անելիքները:

Ողջունելով հյուրերին՝ ՏԿԱԻ փոխնախարարը նշեց. «Սեյսմակայուն դպրոցներ ունենալը ՀՀ կառավարության առաջնահերթ գերակայություններից է, և մենք հետաքրքրված ենք այս ծրագրերով»:
Հ. Մխիթարյանի տեղեկացմամբ՝ ներկայումս հանրապետության 1400 դպրոցներից ընտրվել են 60 ամենառիսկայինները, որից 46-ն ընդգրկված են Ասիական զարգացման բանկի ծրագրում. ևս 15 ավագ դպրոց կուժեղացվի ՀԲ-ի ծրագրով: Նախատեսվում է, որ մինչև 2030 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցները կհամապատասխանեն սեյսմիկ անվտանգության չափանիշներին:
«Նախարարության դիրքորոշումն այս հարցում այն է՝ որ ավելի արդյունավետ է կառուցել նոր, պահանջարկին համապատասխան հզորությամբ դպրոցներ, քան վերակառուցել արդեն հին, տիպային դպրոցները»,-նշեց փոխնախարարը:

Կողմերը քննարկեցին այս ծրագրերում ԵՆԲ-ի մասնակցության հնարավորությունները: ԵՆ բանկի ներկայացուցիչները նշեցին, որ բանկը կարող է մասնակի ֆինանսավորել ընդհանուր ծրագրերը և հնարավորություն ունի ուղղել այն նոր դպրոցների կառուցմանը:

«Պատրաստ ենք օժանդակություն ցուցաբերել բոլոր հարցերում, որոնք բխում են ՏԿԱԻ նախարարության գործառույթներից»,-նշեց Հ. Մխիթարյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ԵՆԲ-ի հետ այս ծրագրի իրականացման աշխատանքներում:

Նույն շարքից