Այսօր «Անալիտիկ» ակումբը հյուրընկալել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Վերջինս անդրադարձավ Գյումրիում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
Ըստ Մարտուն Գրիգորյանի՝ Գյումրին հոգսաշատ քաղաք է. կան բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնային են հատկապես անօթևաններին բնակարաններ տրամադրելու, երկրորդական փողոցները կառուցելու ու աշխատատեղերի ստեղծման խնդիրները:
«Մենք հնարավորինս փորձում ենք Գյումու հետ կապված խնդիրները բարձրաձայնել: Իսկ թե դա որքանով է մեզ մոտ ստացվում, որքանով՝ չի ստացվում, դրա մասին ես չէ, որ պետք է ասեմ: Մենք գիտենք, որ վերոնշյալ խնդիրների լուծումը կապված է մեծ գումարների հետ: Բայց այս պարագայում հարկավոր է հիշել նաև մեր պետության հնարավորությունների մասին»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով երկրորդական փողոցների կառուցապատման ու նորոգման աշխատանքներին՝ Մարտուն Գրիգորյանը նշեց, որ իր կողմից հիմնադրված «Հանուն Գյումրու և գյումրեցիների» ՀԿ-ն պլանավորել է երկու երկրոդական փողոցի քարապատում իրականացնել:
«Ամեն մեկս մեր կապերն օգտագործում ենք՝ փորձելով բարձրաձայնել, որ Գյումրիում կան խնդիրներ, բայց հեշտ չէ դրանց լուծում տալը: Խոսելով Գյումրիում արվող ներդրումների մասին՝ պիտի ասեմ, որ այդ գործընթացները սահուն չեն ընթանում: Աշխատատեղերի ու փողոցաշինության հետ կապված՝ խնդիրներն իսկապես մեծ են:
Վերջերս «Լույս» հիմնադրամին ենք դիմել: Շուտով այդ հիմնադրամի շնորհիվ կունենանք 2 երկրորդական փողոց, որոնք նորմալ կառուցապատված կլինեն: Կառավարությունը ևս պետք է միջոցներ տրամադրի Գյումրու խնդիրների լուծման համար: Նշեմ, որ լուսավորության հարցերն էլ են լուծվելու ըստ նոր ծրագրի: 21-րդ դարում ունենալ այսպիսի փողոցներ... Դա պարզապես աններելի է»,- ասաց Մարտուն Գրիգորյանը:
Պատգամավորն ասաց, որ անօթևանների հետ կապված՝ հստակ թվեր չի ցանկանում նշել, սակայն այս ոլորտում դեռևս առկա են մեծ խնդիրներ:
«Գյումրիում անօթևանության խնդիրը լուծելու համար այս տարի կընթանա բնակարանների վկայականների հանձնման գործընթաց: Երկրաշարժից հետո իրենց տունը կորցրած մարդիկ արդեն տուն են ստացել: Մնում են նրանք, ովքեր կանգնած են իրավիճակային խնդիրների առաջ. ենթադրենք՝ տարիների ընթացքում ընտանիքը մեծացել է, ու բնակարանը արդեն փոքր է ընտանիքի անդամների համար: Կամ, ասենք՝ փոքր եղբորն է տունը հասել, մյուսը մնացել է ձեռնունայն կամ վագոն-տնակում: Այսպես՝ առանձին-առանձին այս հարցերին լուծում տալն իսկապես բարդ է»,- ասաց Մարտուն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ պետբյուջեից մեծ ներդրումներ պետք է արվեն նման հարցերը լուծելու համար: Պատգամավորը ասաց, որ բնակարանների գնման ծրագիրն ինքը այնքան էլ չի ընդունում:
«Այս պարագայում տարբեր հարցեր են առաջանում. այսինքն՝ նրանք, ովքեր կլորիկ գումար են ունենում, հարցը ավելի հեշտ է լուծվում: Ավելի լավ էր սպասել մի քանի տարի էլ ու ավելի ճիշտ լուծում տալ այս հարցին»,- ասաց պատգամավորը:
Բանախոսն անդրադարձավ նաև արտագնա աշխատանքին և հայտնեց, որ Հայաստան եկող տրանսֆերտները զգալիորեն նվազել են: «Առաջ գնում էին Ռուսաստան, ընտանիքներին գումար ուղարկում, հիմա շատերը գալիս են Գյումրի, իրենց ընտանիքներին իրենց հետ Ռուսաստան տանում: Սա ցավալի փաստ է»,- ասաց նա: