ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը այսօր՝ փետրվարի 1-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում անդրադարձավ լրատվամիջոցներում տեղ գտած այն լուրերին, թե իբր ինքը ցանկանում է Գյումրու քաղաքապետ դառնալ:
«Այդ լուրերին լուրջ վերաբերվել պետք չէ: «Իշխանության թեկնածու» հասկացությունն էլ ինձ հետ կապ չի ունեցել երբեք, այսօր էլ չունի: Եթե մանակցել եմ ընտրություններին, ապա դա արել եմ գյումրեցիների ցանկության համաձայն: Քաղաքապետի ընտրությունների հետ կապված՝ պիտի ասեմ՝ ամեն անգամ էլ տեղի-անտեղի իմ անունը շրջանառվել է:
Միշտ էլ գյումրեցիներին հորդորել եմ հարցումներ անելիս, վարկանիշներ ճշտելիս իմ անունը չներառել այս ցուցակներում: Ես վարկանիշներ ճշտելու կարիք չունեմ: Հասկանում եմ՝ ձեզ հետաքրքրում է այս թեման, քանի որ 2008-ին մասնակցել եմ ընտրություններին: Բայց դեռևս ժամանակ կա, մինչև Գյումրի քաղաքի ընտրությունները տեղի ունենան»,- ասաց պատգամավորը:
Այն դիտարկամանը, թե լուրեր են շրջանառվում, որ ըստ նոր Ընտրական օրենսգրքի՝ Գյումրիում ընտրություններն ընթանալու են այնպես, ինչպես Երևանում՝ պատգամավորը ասաց. «Ժամանակը կգա, ես և իմ թիմը կորոշենք՝ մասնակցել քաղաքապետի ընտրություններին, թե՞ ոչ»:
Լրագրողի հարցին, թե Մարտուն Գրիգորյանի ծննդյան օրվա հոլովակը, որը ցուցադրվել է «Ցայգ» հեռուստաընկերությամբ, բարկացրել է գյումրեցիներին, պատգամավորը նշեց. «Ձեզ շահագրգռողներին պիտի ասեմ, որ ձեր ինֆորմատորները սխալ տվյալներ են տալիս ձեզ»,- ասաց նա:
Անդրադառնալով նույն լրագրողի մեկ այլ հարցին, թե Ավետիսյանների գործով բողոքի ցույցին մասնակցելը պատգամավորը օգտագործել է որպես PR, Մարտուն Գրիգորյանն ասաց. «Դեպքի հետ կապված՝ պիտի ասեմ, որ այն, ինչ եղել է, ուղիղ հեռարձակվել է: Դրանից հետո խնամքով կտրել են ինձ վերաբերող հատվածները ու մի հոլովակ են պատրաստել, հետո ԶԼՄ-ներով դա հրապարակել են: Հիմա էլ ասում եք, թե դա իմ վարկանիշը բարձրացնելու համար է արվել: Մենք իմ արածը որպես հերոսություն ներկայացնելու միտումներ չենք ունեցել երբեք: Եթե Գյումրիում ինձ հարգում են ու այդ օրվանից հետո իմ վարկանիշը բարձրացել է, ես ի՞նչ կարող եմ ասել»:
Խոսելով Գյումրիում «Տարվա մարդ» միջոցառման մասին՝ պատգամավորը ասաց. «Ես պարգևներ ստացա՝ այդ թվում արժանացա 2015 թվականի Գյումրու «Տարվա մարդ» տիտղոսին: Այս միջոցառման հանձնախումբն անակնկալ էր պատրաստել: Կրիչը տեղում միացրեցին, նեկայացրեցին, թե ինչ է եղել ու թե ինչու են ինձ պարգևատրում: Իսկ եթե Դուք քաղաքական անցուդարձին մասնակցում եք, պիտի իմանաք, որ ռեստորանային համալիրում հավաքվում են, մրցանակների հանձնում է լինում: Արհեստականորեն ինձ դարձնում եք քաղաքապետի թեկնածու, հետո պայքարում իմ դեմ: Միշտ էլ այդպես է. ընտրությունների նախաշեմին սկսում են հիշել Գյումրու դեպքերը»,- ասաց Մարտուն Գրիգորյանը:
Զրույցի վերջում Մարտուն Գրիգորյանը անդրադարձավ նաև «Չէին սպասում» հաղորդման շուրջ առաջացած քննարկումներին:
«Ասենք՝ «Չէին սպասում» հաղորդումը մեր տուն հյուր է գալիս, հետո շահակում են, թե ժողովուրդը սոված է, ես էլ այդպես լավ ապրում եմ: Մենք գիտենք՝ այդպիսի նյութերը ում «զակազներն» են: Գյումրեցիները վերաբերմունքը ճշտելու համար, հենց իրենցից հարցրեք: Պիտբուլների մասին էլ նշեմ: Այդ շներն ինձ նվիրել են: Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես շուն չեմ կռվեցրել: Ինչ-որ մեկը կա՞, որ ինձ տեսել է շուն կռվեցնելիս: Մի բան էլ ասեմ՝ վատ աչք ունեք: Այնքան ասացիք-խոսեցիք՝ շներիցս մեկը սատկեց»,-կես կատակ-կես լուրջ ասաց պատգամավորը:
Նշենք նաև, որ Մարտուն Գրիգորյանը «ԱՍ» մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել էր տարվա լավագույն պատգամավոր՝ ստանալով հազարավոր ձայներ, որոնց մեծ մասը քվեարկել էին հենց Գյումրի քաղաքից: